Պուտինի օրոք Ռուսաստանի դիրքորոշումը մի շարք միջազգային, այդ թվում Մերձավոր Արեւելքի ու Վրաստանի հարցերի հետ կապված ավելի խիստ կլինի: Այսօր` մայիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանի ապագա քաղաքականության մասին են վկայում Պուտինի նախընտրական հոդվածները, որոնք հրապարակվել են ռուսական մամուլում: Դրա մասին են վկայում նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ ենթադրող բանաձեւերի վրա Ռուսաստանի դրած երկու վետոները: «Եթե Լիբիայում Ռուսաստանը կանաչ լույս վառեց ՆԱՏՕ-ի գործողությունների առաջ, ապա Սիրիայի դեպքում իրավիճակը փոխվել է»,-հավելեց Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա եթե այդ երկրի ՆԱՏՕ-ին անդամակցությունը հստակ ուրվագծեր ձեռք բերի, Ռուսաստանն անմիջապես պատասխան քայլեր կձեռնարկի: «Մենք բոլորս հիշում ենք Դմիտրի Մեդվեդեւի հայտարարություններն այն մասին, որ 2008-ի գարնանը կանխեցին Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Այնպես որ ռազմական արշավն իր հետեւում մանրամասն գնահատական ու հաշվարկ էր պարունակում»,-նշեց նա: