ՆԱՏՕ-ն լրացուցիչ հսկողության և հետախուզական միջոցներ կուղարկի Սև ծով՝ առևտրային նավերի վրա հաճախացած հարձակումների ֆոնին, որոնց հետևանքով տասնյակ նավաստիներ զոհվել են կամ անհետ կորել։ Դրա մասին Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից հետո հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Էլլիսոն Հարթը, գրում է The Guardian-ը։

«Այսօր ՆԱՏՕ-ի դեսպանները հանդիպել են Հյուսիսատլանտյան խորհրդում՝ քննարկելու Սև ծովում անվտանգությունը։ ՆԱՏՕ-ն արդեն ուժեղացրել է իր ներկայությունն արևելյան թևում, ներառյալ՝ անօդաչու սարքերի դեմ պայքարի միջոցների հաշվին։ Դաշինքը տարածաշրջան լրացուցիչ միջոցներ, դրանց թվում՝ հսկողության, հետախուզության և քրեագիտական փորձաքննության սարքավորումներ կուղարկի»,- հայտնել է Հարթը։

Տեղակայումը կներառի պարեկային ավիացիա, ռադարային համակարգեր, անօդաչու սարքեր և հետախուզության մասնագետներ։

Երեքշաբթի ռուսաստանցի զինվորականները հայտարարել են ուկրաինական Ռենի նավահանգստում երեք բեռնանավերի, ինչպես նաև Օդեսա ուղևորվող ևս երկու նավերի վրա հարվածներ հասցնելու մասին։ Ուկրաինական հացահատիկ և այլ գյուղատնտեսական արտադրանք տեղափոխող առևտրային նավերի վրա հարձակումները մեծացնում են Սև ծովում նավագնացության սպառնալիքները և բարձրացնում Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների հետագա սրման վտանգը։

Guardian-ի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռումինիայի և Բուլղարիայի ափերի մոտ հարձակման են ենթարկվել առնվազն հինգ այլ բեռնանավեր։ Այս միջադեպերի հետևանքով 23 նավաստի զոհվել են կամ անհետ կորել։ Հարձակումների մեծ մասը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի երկրների տարածքային ջրերից դուրս։

Աճող սպառնալիքի ֆոնին Ռումինիան հանգստյան օրերին օդ է բարձրացրել կործանիչներ, որոնք իր տարածքի վրա խոցել են ենթադրաբար ռուսական երկու անօդաչու սարք։ Երկրի պաշտպանության նախարար Ռադու Միրուցեն հայտարարել է, որ այդ սարքերը, հավանաբար, պատկանում էին ռուսական դրոնների նոր սերնդին և թռչում էին մոտ 450 կմ/ժ արագությամբ։ Ըստ նրա՝ դա առաջին դեպքն է, երբ ռումինական ուժերը այդ տեսակի անօդաչու սարքեր են խոցել։

Անցած տարվա ընթացքում դաշինքի երկրների սահմանների մոտ անօդաչու սարքերին առնչվող այլ միջադեպերն էլ են հաճախակիացել։ Ռումինիան 2026 թվականի սկզբից գրանցել է իր օդային տարածք դրոնների չարտոնված ներթափանցման 35 դեպք՝ 2025 թվականի ամբողջ տարվա ինը դեպքի դիմաց։ Ընդ որում, ընթացիկ տարում ռումինական ուժերը խոցել են վեց անօդաչու սարք, մինչդեռ անցյալ տարի նման դեպքեր չեն եղել։

Բուլղարիան դիմել է ՆԱՏՕ-ին՝ խնդրելով իր տարածք մարտական ավիացիա և անօդաչու սարքերի դեմ պայքարի միջոցներ ուղարկել։ Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիան ծովային հետախուզական ինքնաթիռ է ուղարկելՌումինիա։

Ambrey ապահովագրական ընկերության և վերլուծական կազմակերպության գնահատմամբ՝ Սև ծովում առևտրային նավագնացության, այդ թվում՝ հացահատիկի և նավթի փոխադրումների, սպառնալիքները պահպանվում են, իսկ այդ տարածաշրջանով անցնող նավերի ապահովագրության արժեքը կտրուկ աճել է։ Ընկերության վերլուծաբանները նշում են, որ հարձակումների ինտենսիվությունը սկսել է զգալիորեն աճել հուլիսից, և, նրանց գնահատմամբ, հարձակումների մոտ 80%-ը բաժին է ընկնում ռուսական ուժերին։