ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին Ֆրանսիայում անկարգությունները կապել է զանգվածային միգրացիայի հետ։

Ըստ նրա՝ անվտանգությանն առնչվող խնդիրներ են առաջացել երկիր ժամանած այն մարդկանց պատճառով, որոնց պատշաճ կերպով չեն ստուգել։

«Դա միգրացիայի խնդիր է։ Ֆրանսիա մարդկանց հոսք է եղել, ընդ որում՝ նրանց չեն ստուգել և պատշաճ ստուգում չեն անցկացրել, ինչպես դա եղել է Բայդենի ժամանակ։ Մենք այդպես չենք վարվում»,- Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է Թրամփը։

Ֆրանսիական իշխանություններն անկարգությունները ներգաղթյալների հետ չեն կապել։ Սակայն ԱՄՆ նախագահը շարունակել է պնդել, որ նման սցենար կարող է սպասել նաև ԱՄՆ-ին, եթե առաջիկա միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը վերահսկողություն ստանա Կոնգրեսի նկատմամբ։

Թրամփը բազմիցս քննադատել է եվրոպական երկրների միգրացիոն քաղաքականությունը և զգուշացրել, որ առանց սահմանների նկատմամբ վերահսկողության խստացման Եվրոպային լուրջ ճգնաժամ է սպառնում։