Քայլ Քենեդին՝ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու և Էթել Քենեդու թոռնուհին, ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու զարմուհու դուստրը, մահացել է 42 տարեկանում։

Նա մահացել է սեպտեմբերի 21-ին Մասաչուսեթս նահանգում գտնվող իր տանը, ասվում է Burke Funeral Homes հուղարկավորության բյուրոյի հրապարակած մահախոսականում։ Մահվան պատճառը դեռ չի պարզվել, հայտնում է People-ը։

Քայլը ծնվել է 1984 թվականի հուլիսի 6-ին Վաշինգտոնում։ Մանկությունն անցկացրել է հիմնականում Մասաչուսեթսի Կոհասեթ քաղաքում։ Ավարտել է Milton Academy-ն, ապա Ջորջթաունի համալսարանում ստացել պատմության բակալավրի աստիճան։ Ավելի ուշ նա նաև ստացել է մագիստրոսի աստիճան նախադպրոցական կրթության ոլորտում Փեյս համալսարանում և մագիստրոսի աստիճան կրթական քաղաքականության և կառավարման ոլորտում Հարվարդի կրթության բարձրագույն դպրոցում։

Քենեդին իր կարիերան սկսել է Teach for America կազմակերպությունում, որտեղ երկու տարի դասավանդել է Նյու Յորքի պետական դպրոցներում։ Այդ փորձը որոշել է նրա հետագա գործունեությունը նախադպրոցական կրթության ոլորտում։ Նա հանդես էր գալիս որակյալ տարրական կրթության հավասար հասանելիության օգտին, զբաղվում էր չարտերային դպրոցների զարգացման հարցերով, համագործակցում էր կրթական տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների հետ և օգնում տարրական դասարանների ուսուցիչներին կատարելագործել դասավանդման մեթոդները։

Քայլը նաև հետաքրքրված էր սպորտով և երկար տարածությունների վազքով։ 2019 թվականին նա մասնակցել է Բոստոնի մարաթոնին։

2020 թվականին Քենեդին ստացել է ողնուղեղի ծանր վնասվածք, որը հանգեցրել է երկարատև կաթվածի։ Դրանից հետո նա կենտրոնացել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության վրա։ Մասնավորապես, Քայլը ելույթ է ունեցել Մասաչուսեթսի օրենսդիր ժողովում, որտեղ խոսել է առողջապահության ոլորտում հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ խտրականության մասին։

Քայլի հայրը՝ Մայքլ Քենեդին, մահացել է 1997 թվականին։ Նա նաև վերապրել է իր փոքրիկ դստեր՝ Ջոզիի մահը։

Քայլից մնացել են երկու որդիները՝ 12-ամյա Քոնորը և 10-ամյա Դեքլանը, նախկին ամուսինը՝ Լիամը, մայրը՝ Վիկտորիան, եղբայրը՝ Մայքլը, և քույրը՝ Ռորին։ Հրաժեշտի արարողությունն անցկացվել է փակ ձևաչափով։