Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, մայիսի 25-ին, տեղի է ունեցել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ ներկայացվել է մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը` առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքըլսընի գլխավորությամբ:

13 էջանոց զեկույցը, որը պարունակում է քաղաքական, իրավական գնահատականներ ընտրությունների կազմակերպման վերաբերյալ՝ թեկնածուների գրանցումից մինչեւ մամուլի ազատության միջավայր, հարուցել է ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի «զարմանքը եւ տարակուսանքը»՝ ներկայացված գնահատականների վերաբերյալ:

Մասնավորապես, արձագանքելով զեկույցում արձանագրված «ընտրացուցակների վերաբերյալ անճշտությունների» մասին պնդումներին, Դ.Հարությունյանը ընդգծել է. «Հայաստանն ընտրողների ճշգրիտ ցուցակներ կազմելու գործում նշանակալի հաջողություններ է արձանագրել` հետեւելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին: Զեկույցի բոլոր մեղադրանքները մակերեսային են, եւ անտեսում են հայաստանյան իշխանությունների ցանկացած ողջամիտ բացատրություն»:

Հայկական ներքաղաքական դաշտում տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձած եւ ԵԽԽՎ զեկույցի հեղինակին «անակնկալի բերած»՝ նոր անձնագրերի մեծ թվի մասին հիշատակմանը՝ Դ.Հարությունյանը տվել է հետաքրքիր մեկնաբանություն. «2011-2012թթ ընթացքում տրված անձնագրերի մեծ թիվը պարզապես բացատրվում է այն փաստով, որ Հայաստանը սկսել է տրամադրել ազգային անձնագրեր երկու տասնամյակ առաջ` 1992 թվականից` 10 տարի ժամկետով», եւ բնական է, որ 2011-2012թթ հին անձնագրերը պետք է փոխարինվեն նորերով:

Հղում անելով 1990-94թթ ծնելիության եւ մահացության ցուցանիշերի տարբերությանը, Դ.Հարությունյանը նաեւ մեկնաբանել է ընտրողների թվի աճը, ասելով, որ այդ թվերի ծնելության ցուցանիշը «գերազանցում է մահացության ցուցանիշը մոտավորապես 270 հազարով», ուստի 2012-ին այդ քաղաքացիները առաջին անգամ ստացել են ընտրության իրավունք եւ համալրել ընտրազանգվածը:

«Այս կողմնակալ եւ անարդար զեկույցի վնասելու ազդեցությունը նվազեցնելու համար ես լիազորված եմ պաշտոնապես հրավիրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին իրականացնել հետընտրական առաքելություն` ընտրողների ցուցակների անճշտությունները վերստուգելու համար», - ԵԽԽՎ ամբիոնում հայտարարել է Դավիթ Հարությունյանը:

«Զեկույցը լի է մանիպուլյացիաներով», ասել է Դ.Հարությունյանը՝ բերելով մի քանի օրինակներ, ինչպես նաեւ համեմատելով ներկայացված զեկույցը մեկ այլ եվրոպական գնահատականի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի հետ: «ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը պետք է ուսումնասիրի եւ զեկույց հրապարակի ինքնուրույնաբար... այն պետք է հիմնված լինի միայն իրական, ուղղակի ուսումնասիրությունների վրա, այլ ոչ թե`խոսք ու զրույցի», - առաջարկել է ՀՀ պատվիրակության ղեկավարը: