Ուկրաինական հակամարտության կարգավորումն անհնար է առանց այդ երկրի իշխանությունների ներկայացուցիչների, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առանց Կիևի որևէ ներկայացուցչի մասնակցության՝ ուկրաինական խնդիրը լիարժեք կարգավորել հնարավոր չէ, ուստի Կիևում ինչ-որ մեկը պետք է կարգավորման վերաբերյալ պատասխանատու որոշում կայացնի։ Դա պարտադիր պայման է»,— նշել է նա՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի խնդրանքին՝ մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Թրամփն ավելի վաղ նշել էր, թե ուկրաինական հակամարտության կարգավորումը հնարավոր է առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցության։

Անցած շաբաթ, անդրադառնալով կարգավորման հեռանկարներին, Թրամփը հույս էր հայտնել, որ կողմերն «ի վերջո այս կամ այն կերպ լուծում կգտնեն»։ «Բայց դա կլինի առանց նրա (Զելենսկու), քանի որ նա չի ցանկանում դա»,— հավելել էր Սպիտակ տան ղեկավարը։