ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը չորեքշաբթի օրը ժամանել է Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատ, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք բանակցություններ են վարելու ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ուիթքոֆը Կոնստանտինովյան պալատ է ժամանել արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի ուղեկցությամբ։

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում է և Ուիթքոֆին կընդունի օրվա առաջին կեսին, հստակեցրել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ «Ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունները, բնականաբար, այսօրվա հանդիպման առանցքային մասն են», — ասել է Ուշակովը։

Ուիթքոֆը Ռուսաստան է ժամանել Նորվեգիայից, որտեղ հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Զելենսկու հետ Ուիթքոֆի հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, և նա դրա արդյունքները կներկայացնի Ռուսաստանին։

Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, որ Նորվեգիայում ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնեցրել են Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված մի շարք առաջարկներ, այդ թվում՝ Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրումը։