Պատերազմն ավարտելու մասին համաձայնագիր կնքելու համար Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու անձնական հանդիպումը պարտադիր չէ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Կարծում եմ՝ նրանք կարող են դա (ստորագրել խաղաղության պայմանագիրը) այլ կերպ անել։ Նրանց համար դժվար է գտնվել նույն սենյակում։ Ինձ համար միևնույն է, թե ինչպես դա կարվի»,— Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թրամփը։ Նա հերթական անգամ նշել է, որ Պուտինի և Զելենսկու միջև ատելությունը «ուղղակի հսկայական է», և հենց դրա պատճառով էլ երկու երկրների առաջնորդները մինչ օրս չեն կարգավորել հակամարտությունը։

Միևնույն ժամանակ, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, պետք է ժամանի Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցելու համար։ Այցի ընթացքում նա կներկայացնի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի և Եվրոպայի մշակած առաջարկները և «հող կնախապատրաստի առաջնորդների մակարդակով հանդիպման համար», հայտնել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։ Politico-ի տվյալներով՝ Ուիթքոֆը Պուտինին կառաջարկի ուղիղ բանակցություններ վարել Թրամփի և Զելենսկու հետ։ Իր հերթին Ուկրաինայի նախագահը Նորվեգիայում Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «կարևոր գաղափարներից մեկը առաջնորդների հնարավոր եռակողմ հանդիպմանն անցնելն է՝ այնպիսի հարցեր լուծելու համար, որոնք կարող են լուծել միայն հենց առաջնորդները»։ «Սթիվը վաղը կմեկնի Ռուսաստան։ Տեսնենք, թե ինչ կասի Պուտինը»,— ասել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, բայց ոչ թե բանակցությունների, այլ ձեռք բերված պայմանավորվածություններն ամրագրելու համար։ Միևնույն ժամանակ, հունիսին Ռուսաստանի նախագահն ընդգծել էր, որ առայժմ իմաստ չի տեսնում Ուկրաինայի ղեկավարի հետ հանդիպման մեջ։ Իսկ սեպտեմբերի վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ խաղաղ բանակցությունների մեկնարկի համար նախադրյալներ չկան։

Դրանից առաջ Թրամփը նկատել էր, որ Զելենսկին վաղուց կարող էր խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, սակայն չի արել դա։ Այդ կապակցությամբ Սպիտակ տան ղեկավարն առաջարկել էր Կիևի համար այլ բանագնաց գտնել և Ուկրաինայում ընտրություններ անցկացնել։ Թրամփի խոսքով՝ Զելենսկին պետք է «ցանկանա գործարքի գնալ», քանի որ ուկրաինացի ժողովուրդն «այլևս չի հանդուրժելու սա»։ Նա հավելել էր նաև, որ ամերիկացի հարկատուներն ու Եվրամիության երկրները հոգնել են Ուկրաինային աջակցելուց։