Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) «Mirage 2000D» կործանիչը վթարի է ենթարկվել Մյորթ և Մոզել դեպարտամենտի Ռոժևիլ բնակավայրի շրջանում. առնվազն մեկ մարդ զոհվել է։ Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտնել է «Le Monde» պարբերականը։

«Ֆրանսիայի ռազմաօդային և տիեզերական ուժերի տվյալներով՝ երեքշաբթի, սեպտեմբերի 20-ին, <…> Նանսի-Օշե 133-րդ ավիաբազայի «Mirage 2000D» ինքնաթիռը վթարի է ենթարկվել առաջադրանքից վերադառնալիս»,— ասվում է հրապարակման մեջ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է անձնակազմի անդամներից մեկի դին, նրա ինքնությունը դեռ պարզված չէ։ Երկրորդ զինծառայողի՝ օդաչուի կամ սպառազինության համակարգերի օպերատորի որոնումները շարունակվում են։

Ինքնաթիռը պատկանում էր 2/3 «Շամպայն» կործանիչ էսկադրիլիային։ Կործանման պատճառները պարզելու համար սկսվել են թռիչքների անվտանգության ծառայողական հետաքննություն և դատական վարույթ։

Ինչպես հայտնել է Պոնտ-ա-Մուսոնի քաղաքապետ Անրի Լեմուանը, ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են անօդաչու թռչող սարքի օգնությամբ։ Իսկ Ռոժևիլի քաղաքապետ Պասկալ Դուայոտի խոսքով՝ ականատեսները հզոր պայթյուն են լսել և տեսել կրակե գունդ։

Որոնողական աշխատանքներում ներգրավված են Մյորթ և Մոզել դեպարտամենտի հրշեջ-փրկարարական ծառայությունները, ՌՕՈւ մասնագետներն ու ժանդարմերիան։ Դաշտերից և անտառներից բաղկացած տեղանքը զննվում է նաև ուղղաթիռով։