«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ եթե ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին զեկույցը թեկուզ կիսով չափ ճիշտ է, ապա երկրին ապոկալիպտիկ սցենար է սպասվում։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

Պատգամավորի խոսքով՝ ըստ զեկույցի, ՀՆԱ-ի անկումը կկազմի գրեթե 17 տոկոս։ «Նույնիսկ եթե դրա կեսը լինի, դա արդեն իսկ հսկայական խնդիր է։ Եթե Ռուսաստանից գազ չգնենք, հարց է առաջանում՝ որտեղի՞ց ենք գնելու։ Մեկ այլ հարց էլ այն է, թե արդյոք Ռուսաստանը նույնիսկ այդ գնով կմատակարարի՞ անհրաժեշտ ծավալը»,— նկատել է Խաչատրյանը։

Զեկույցում նշված են բազմաթիվ ռիսկեր, այդ թվում՝ արտագնա աշխատանքի սահմանափակումները։ Հունվար-օգոստոս ամիսներին ֆիզիկական անձանց միջոցով բանկերով ֆինանսական ներհոսքը կազմել է մոտ 3 միլիարդ դոլար։ Եթե սահմանափակում լինի, այդ 3 միլիարդը չի լինի, հիշեցրել է պատգամավորը՝ հավելելով, որ դրա հետևանքով կփոխվի դոլարի փոխարժեքը, և այն է՛լ ավելի կտատանվի, երբ Հայաստանը ստիպված լինի գազի դիմաց վճարել դոլարով։

Այժմ ներմուծման և արտահանման հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է։ Մինչև Հայաստանը կարողանա համապատասխանել այլ շուկաների պահանջներին (նույնիսկ եթե արտահանման հնարավորություն ստանա), մինչև հաջողվի համոզել եվրոպացի սպառողին գնել մեր արտադրանքը… թվարկել է Խաչատրյանը։ «Սա հո հումք չէ՞։ Պղինձը մնում է պղինձ։ Ի դեպ, գների դինամիկան պայմանավորված է պղնձի թանկացմամբ»,— պարզաբանել է պատգամավորը։

Մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի խոսքերը, թե պետք չէ դրամատիզացնել իրավիճակը (Փաշինյանն օգտագործել էր «Կիկոսի մահը» հեքիաթի օրինակը)՝ Խաչատրյանը հակադարձել է «մինչև կայծակը չխփի…» ասացվածքով։ «Դու երկրի ապագան ես ծրագրում ու որոշում։ Հենց այսպես էլ վարվեցին, որ հիմա Արցախում ադրբեջանցիներ են, Ջերմուկում՝ ադրբեջանցիներ, ու հիմա էլ Սահմանադրություն փոխել են պահանջում»,— հայտարարել է Խաչատրյանը։

Անդրադառնալով նրան, թե արդյոք վերադարձած աշխատանքային միգրանտներն այստեղ աշխատանք կգտնեն, Խաչատրյանը նկատել է, որ պարզ տրամաբանությունը հուշում է՝ եթե աշխատատեղեր լինեին, ինչո՞ւ էին մեկնում։

Ի պատասխան այն հարցին, թե Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, իբր ԵԱՏՄ-ում չկա մեխանիզմ, որով հնարավոր կլինի հեռացնել Հայաստանին, Խաչատրյանը հակադարձել է հարցով. իսկ ՀԱՊԿ-ում կա՞ մեխանիզմ, որով Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը։ «Եթե Հայաստանը կարող է, նրանք ինչո՞ւ չեն կարող սառեցնել»,— հարցադրում է արել պատգամավորը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի տնտեսական աճը կապված է հենց ԵԱՏՄ-ին անդամակցության հետ՝ Հայաստանով են թռչում, Հայաստանով են ապրանքներ ներկրում, Հայաստանով են գումարներ փոխանցում. ընդ որում՝ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ԵԱՏՄ-ն բացառապես տնտեսական կառույցներ չեն։

«Գտնվելով այս բարդ աշխարհաքաղաքական հանգույցում՝ Հայաստանը կարող էր քաղաքականությունը կառուցել հավասարակշռության վրա, և հարաբերություններ էր կառուցում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի, թե՛ ՌԴ-ի, թե՛ Իրանի հետ։ Հիմա հարցը դրված է «կա՛մ-կա՛մ» սկզբունքով։ Շահերը համադրելու և համատեղելու փոխարեն՝ դրանք հակադրում են։ Հայաստանն ամենածանր հարվածները ստացել է հենց այն ժամանակ, երբ գերտերությունների շահերը բախվել են Հայաստանի տարածքում։ Հիմա հենց դա է տեղի ունենում»,— եզրափակել է Խաչատրյանը։