Կալիֆոռնիայում ոստիկանությունը հետաքննում է 963 հազար դոլար արժողությամբ պոկեմոնների հավաքածուի քարտերի գողության դեպքը։ Դրանք հափշտակել են մի բեռնատարից, որը կայանված է եղել հավաքածուի առարկաների իսկությունն ու վիճակը ստուգող ընկերության մոտակայքում, գրում է Associated Press-ը։
Ոստիկանության ներկայացուցիչ Նատալի Գարսիի խոսքով՝ վարորդը բեռնատարն առանց հսկողության է թողել (թե որքան ժամանակով, դեռ պարզվում է)։ Կողպեքը կոտրված է եղել. ապրանքով բեռնված երկու պալետն անհետացել է, իսկ երրորդը՝ վնասվել։
Հափշտակված գույքի հստակ արժեքը դեռևս պարզված չէ։ Բոստոնաբնակ հավաքորդ Նիկ Էնդրյուսը ենթադրում է, որ իրական վնասը կարող է շատ ավելի մեծ լինել։ Նրա խոսքով՝ խոսքը «հազարավոր քարտերի և, ամենայն հավանականությամբ, միլիոնավոր դոլարների» մասին է։ Տուժածներից մեկը, որը մի քանի հոգու անունից քարտեր էր հանձնել գնահատման, հայտնել է կես միլիոն դոլար հայտարարագրված արժեքով գույքի կորստի մասին։
Որոշ հաճախորդներ համացանցում դժգոհել են, որ թեև ստացել են իրավիճակը պարզաբանող նամակ, սակայն մտավախություն ունեն, որ այլևս երբեք չեն տեսնի իրենց քարտերը կամ արժանի փոխհատուցում չեն ստանա։ Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են, որ գիտակցում են կատարվածի ողջ լրջությունը հավաքորդների համար, որոնցից շատերի համար այդ քարտերը զուտ ֆինանսական ակտիվ չեն։





























