Երևանի Շինարարների փողոցում կրպակները քանդելուց հետո դեռևս խնդիրներ են մնում չլուծված։ Այդ հատվածում 2 հասցեներում խանութների սեփականատերերի գործերով զբաղվող ազգական Դավիթ Նահապետյանը այսօր՝ հոկտեմբերի 21–ին, մամուլի ասուլիսում նշեց, որ քանդման աշխատանքների հաջորդ օրվանից փորձել են տպավորություն ստեղծել, որ Շինարարների փողոցում բոլոր խանութները քանդվել են, բայց այդպես չէ։
«Երկու խանութ փաստաթղթով մերն է, որը բաժանված է 8 մասի։ Դրանից 6 մետր տարածքն ասացին, որ իբր դատարանի որոշման տակ չի, կադաստրով դուրս է մնում և այդ մասը քանդեցին։ Մնացած բոլոր մեր խանութները տեղում են։ Ուղղակի վարձակալներին չեն թողնում աշխատել, վախեցնում են, շանտաժ են անում։
Քանդման հենց հաջորդ օրը թաղապետը (Սերոբ Սարգսյան–խմբ) մոտեցել է վարձակալներին ու ասել՝ վաղվանից էս խանութները չեն աշխատելու։ Մարդիկ վախենում են, խանութներն էս պահին փակ են, բայց քանդված չեն։ Դատարանում են թղթերը, հոկտեմբերի 26–ին մի խանութի դատի օրն է նշանակված, նոյեմբերի 2–ին՝ մյուս խանութի»,–ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ է թաղապետը վախեցնում, որն է դրա պատճառը, Դավիթ Նահապետյանը պատասխանեց. «Դե իրենք ուզում էին քանդել, օրենքի ուժով չկարողացան քանդել, հիմա մարդկանց վախեցնում է, որ այնպես չստացվի, որ մենք իրավունքներ ունեինք։ Մինչև քանդելը քաղաքապետարանն ու թաղապետարանը ուզում էին կարծրատիպ ստեղծել, որ մարդիկ չունեն իրավունք։
Մենք հենց սկզբից չենք ասել՝ մի քանդեք, ասել ենք՝ եթե ուզում եք քանդել, եկեք ըստ օրենքի վարվենք։ Եթե հանրային գերակա շահ է, ցույց տվեք կառավարության որոշում, հետո կազմակերպեք լսումներ, հետո պայմանավորվենք, թե ինչ եք մեզ տալու, ինչի դիմաց եք քանդելու, մենք էլ ձեզ օգնենք, միասին քանդենք»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ շուրջ 10 օրա առաջ Շինարարների փողոցում գտնվող կրպակների տերերը բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով չքանդել իրենց կրպակները։ Այդուհանդերձ, քաղաքային իշխանությունները քանդեցին որոշ կրպակներ ու խանութներ, սակայն դրանցից երկուսը ունեին սեփականության վկայական, և դրանք մնացին կանգուն։
Նրանք հասցրել էին դիմել վարչական դատարան, որն էլ որոշել էր հայցի ապահովման միջոց կիրառել և պարտավորեցրել էր Երևանի քաղաքապետին՝ ձեռնպահ մնալ Շինարարների փ․, 15 շենք, 15/14 հասցեի անշարժ գույքի քանդմանը կամ ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողություն կատարելուց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:











