Անկախ դատական ակտից, սեփականության իրավունքի վկայականի առկայության դեպքում որևէ մեկը իրավունք չուներ քանդում սկսել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շինարարների փողոցում երկու հասցեներում գտնվող խանութների սեփականատերերի փաստաբան Վարսիկ Հովսեփյանը։
«Քանդման պահին մենք տվել ենք հաղորդում այն մասին, որ թե առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում, որը արգելում է քանդել, ինչը ինքնին հանցագործություն է, թե նաև ուրիշի գույքին խոշոր չափով վնաս պատճառելու և պաշտոնական դիրքի լիազորությունների չարաշահման հանցակազմերի առթիվ։ Իհարկե, հույսերը շատ մեծ չեն, բայց մենք պատրաստակամ ենք պայքարելու մինչև վերջ, նաև սա թող օրինակ լինի բոլոր այն երևանցիների համար, որոնք ժամանակին ձեռք են բերել իրենց գույքերը։ Իմիջիայլոց, կան շատ մարդիկ, որոնք ուղղակի գնել են սեփականաշնորհած անձից այդ գույքերը, և փաստորեն կամայական պահի կարող են զրկվել բազմամիլիոնանոց իրենց գույքերից»,–ասաց նա։
Շինարարների փողոցի կրպակներից երկուսի սեփականատերերի հարազատ Դավիթ Նահապետյանն էլ ասաց. «Մեր մոտ այսպիսի տպավորություն է, որ քաղաքապետարանը կամ թաղապետարանը մարդկանց իրենց ունեցվածքից զրկելիս չի էլ ուզում ինչ-որ հիմք ցույց տալ ու ասել՝ այ սրա դիմաց մենք ձեր գույքը քանդում ենք ու ձեզ ոչ մի բան չենք տալու։ Իրենց պետք են ուղղակի պատրվակներ, որ իրենք ցույց տան ու քանդեն։ Իմանալով, որ ոչ բոլոր մարդիկ են օրենքներին տիրապետում են կամ քիչ են տիրապետում, էնքան որ գրված մի բան ցույց տան ու քանդեն։ Մինչև էդ մարդը ընկնի էս կողմ, էն կողմ, չի էլ կարող կես ժամում հարց լուծելու։
Իրենք պետք է ժամանակ տան, որ մարդը իր չափագրումը անի կամ իր գեոդեզիան անի, համեմատեն թղթերը իրար հետ, տեսնեն՝ ով է ավելի ճիշտ, ով՝ ավելի սխալ։ Այսօր վստահելու չի, ոչ թաղապետարանին, ոչ քաղաքապետարանին, որովհետև առանց որևիցե պատճառի գալիս են, քանդում են սեփական գույքը ու սեփական գույքի փաստաթղթերի մեջ նշված է ինքնակամ կառույց։ Սեփական գույքի փաստաթղթերի մեջ նշված է ինքնակամ կառույց, այսինքն թղթով մեզ արդեն խաբում են»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ շուրջ 10 օր առաջ Շինարարների փողոցում գտնվող կրպակների տերերը բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով չքանդել իրենց կրպակները։ Այդուհանդերձ, քաղաքային իշխանությունները քանդեցին որոշ կրպակներ ու խանութներ, սակայն դրանցից երկուսը ունեին սեփականության վկայական, և դրանք մնացին կանգուն։
Նրանք հասցրել էին դիմել վարչական դատարան, որն էլ որոշել էր հայցի ապահովման միջոց կիրառել և պարտավորեցրել էր Երևանի քաղաքապետին՝ ձեռնպահ մնալ Շինարարների փ․, 15 շենք, 15/14 հասցեի անշարժ գույքի քանդմանը կամ ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողություն կատարելուց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:











