«Հրազդան Ցեմենտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ հոկտեմբերի 21–ին, բողոքի ակցիա են կազմակերպել, նրանք պահանջում են հստակեցնել գործարանի և մոտ 450 աշխատողների ճակատագիրը, որոնց աշխատանքն ու գործարքը հայտնվել են անորոշ վիճակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարություններից հետո։
Լևոն Կակոսյանը, ով գնման գործարքից հետո պետք է լինի գործարանի տնօրենը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործարանի գնման գործարքը անդադար երկարում է. «Մենք հոկտեմբերի 6–ից առ այսօր սպասում ենք, կատարել ենք համապատասխան աշխատանքներ, մասնագետներ ենք ներգրավվել, պլանավորել ենք ներդրումներ, մասնագետների հետ պայմանավորվել ենք, որոնք պիտի գան աշխատանքներ իրականացնեն, ու նստած սպասում ենք մի հատ համաձայնության:
Վարչապետին հարց տվեցին, ինքը պատասխանեց, որ այդ մարդու հետ (գործարար Նարեկ Նալբանդյանի–խմբ) մենք կապ չունենք և այլն, դրանից հետո բանկը հրաժարվեց, ասում է ես չեմ վարկավորում, այդ 560 միլիոնը կորցրինք գնաց։ Հիմա ասացինք՝ ուղիղ ենք առնում, պարտատերերի ժողով է եղել, համաձայնվել ենք, աշխատակիցները ուզում են, բանկը հետաքրքրված է, ես համոզված եմ, որ պետությունն էլ է հետաքրքրված։ Թե հիմա ինչն է հարցը, ես չեմ հասկանում»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ երկար ժամանակ շրջանառվում էր տեղեկությունը, որ գործարար Նարեկ Նալբանդյանը պատրաստվում է ձեռք բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանը, վարկային միջոցներ ներգրավել և վերագործարկել արտադրությունը։
Սակայն գործարքի ֆինանսավորման հարցում խնդիրներ են առաջացել, և հնարավոր է՝ գործարանի ձեռքբերումը ընդհանրապես չստացվի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ քննարկումներին։ Վարչապետը հայտարարել էր. «Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»,– ասել էր վարչապետը։ Նա նաև զգուշացրել էր գործարարներին, որ նման տպավորություն ստեղծելու փորձերին իշխանության արձագանքը լինելու է «դաժան, շատ դաժան, անհամաչափ»։











