Հունաստանի ոստիկանությունն Աթենքում և Սալոնիկում ուսանողական ցույցերի ժամանակ 20 մարդու է բերման ենթարկել, հայտնում է «Skai» հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։
Երեքշաբթի ողջ Հունաստանում տեղի է ունենում կրթության ոլորտի աշխատակիցների գործադուլ. մանկավարժները պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։
«Աթենքում բերման ենթարկվածների թիվը հասել է տասի… Սալոնիկում այս պահին տասը մարդ է բերման ենթարկվել»,— հաղորդում է հեռուստաալիքը։
«Skai»-ի տվյալներով՝ Սալոնիկում ցույցին մասնակցում է 2,5 հազար մարդ, իսկ Աթենքում՝ 1,5 հազար։ Նրանց թվում են ուսանողներ, դպրոցականներ և կրթության ոլորտի աշխատակիցներ։ Բողոքի ակցիաների օրը Հունաստանի մայրաքաղաքում պարեկություն է իրականացնելու մոտ երեք հազար ոստիկան, իսկ Աթենքի և Սալոնիկի կենտրոնում մի շարք փողոցներ են փակվել, նշում է հեռուստաալիքը։




























