Իտալիայում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո իշխանությունները մի քանի հարյուր զինվորական են գործուղել Միլան՝ կարևոր օբյեկտները հսկելու և փողոցներում պարեկություն իրականացնելու համար, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

«Հինգ հարյուր զինծառայողները թույլ կտան ուժեղացնել պահակակետերը, ակտիվացնել կարևոր նշանակության օբյեկտների հսկողությունը և մեծացնել տարածքի վերահսկողության հնարավորությունները»,— ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես նշում է գերատեսչությունը, այս քայլը թույլ կտա ոստիկանությանն ու կարաբինիերներին ավելի շատ ուժեր կենտրոնացնել հանցագործությունների կանխարգելման վրա։

Կառավարության և կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաներ էին անցկացվել իտալական մի շարք քաղաքներում հոկտեմբերի 17-ին և 18-ին։ Ամենախոշոր անկարգությունները տեղի են ունեցել Միլանում։ Իտալիայի հյուսիսային մայրաքաղաքում բերման է ենթարկվել ավելի քան 300 մարդ, որոնցից գրեթե 50-ը կալանավորվել են։ Քաղաքի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով ավելի քան 110 իրավապահ է դիմել բժշկական օգնության։

«Strade Sicure» գործողությունը, որի շրջանակում քաղաքների պարեկմանը և կարևոր օբյեկտների պահպանությանը ներգրավվում են զինվորականներ, գործում է 2008 թվականի օգոստոսից։ Սկզբնապես դրան մասնակցում էր երեք հազար զինվոր։ Հետագայում գործողության մասշտաբները բազմիցս ընդլայնվել են։ Ներկայումս ողջ Իտալիայում դրանում ներգրավված է շուրջ 6,8 հազար զինվորական։