Արդյո՞ք «TRIPP» համաձայնագրի շրջանակում նախատեսվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության փոփոխություններ, թե՞ Հայաստանի օրենսդրությունը, այդ թվում՝ մաքսային ու սահմանային նորմերն ու կանոնները, գործելու են ամբողջ ծավալով։ Այս հարցով հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին է դիմել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։ Նիստում քննարկվում էր ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագծով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։
Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ ավելի վաղ այս հարցն ուղղել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս, «ինչպես միշտ, շեղել էր զրույցը և ուղիղ պատասխան չէր տվել»։
Միրզոյանն իր հերթին նշել է, որ այդ հարցի պատասխանը կա հենց փաստաթղթում։
«Այնտեղ գրված է, որ կարող են լինել համաձայնագրից բխող օրենսդրական փոփոխություններ։ Նման փոփոխություններ լինում են և նախկինում էլ եղել են. Հայաստանը բազմիցս կատարել է այդպիսի փոփոխություններ այլ միջազգային պայմանագրերի կնքումից և վավերացումից հետո։ Դա միջազգային պայմանագրաիրավական հարաբերությունների անբաժանելի և գրեթե անխուսափելի մասն է»,— ասել է ԱԳ նախարարը։
Ղահրամանյանը հակադարձել է.
«Նախ՝ դուք չեք նշում, թե կոնկրետ ինչ փոփոխություններ, որ օրենսգրքերում և ընդհանրապես ինչ հարցերի շուրջ են նախատեսվում։ Դուք չեք ապահովում գործընթացի թափանցիկությունը։ Ո՞րն է խնդիրը։ Ինչո՞ւ եք փորձում արագացված կարգով առաջ մղել TRIPP նախագծի վավերացումը, եթե ձեր կառավարության ղեկավարը որպես խաղաղության պայմանագրի կնքման թիրախային ժամկետ նշել է 2031 թվականը։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ TRIPP-ի վավերացումից հետո Ադրբեջանը կանցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չէ՞ որ նա բազմիցս այս նախագիծն անվանել է նախապայմաններից մեկը»։
Միրզոյանը հայտարարել է, որ փաստաթուղթը շրջանառության մեջ է մայիսից, անցել է Սահմանադրական դատարանով և սահմանված ընթացակարգերի համաձայն՝ ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը։
«Եվ ո՞րն է այստեղ շտապողականությունը։ Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ ավարտել փաստաթղթային ընթացակարգերն ու անցնել շինարարական աշխատանքներին։ Մենք ուզում ենք օր առաջ երկաթուղու վրա գնացքներ տեսնել և էլեկտրաէներգիայի իրացում ապահովել։ Դա բխում է Հայաստանի շահերից։ Մենք չենք ձգձգել գործընթացը, բայց ավելորդ շտապողականություն էլ այստեղ չկա։ Երաշխիքը փոխադարձ օգուտն է, ուրիշ երաշխիք գոյություն չունի։ Այսօր ամբողջ աշխարհում իրական երաշխիքը շահն է։ Մենք ունենք մեր շահը. մենք պատերազմ չենք ուզում, մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում։ Եվ տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ է դա ցանկանում»,— ընդգծել է կառավարության ներկայացուցիչը։





























