Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպական միության (ԵՄ) և Չինաստանի միջև առևտրային պատերազմ չկա, և ընդգծել, որ Եվրամիությունը չի ձգտում նման պատերազմ սանձազերծել՝ չնայած ԵՄ-ում պաշտպանական մեխանիզմները խստացնելու ծրագրերին։
«Ո՛չ, մենք առևտրային պատերազմ չունենք և դրան չենք էլ ձգտում։ Ճիշտ հակառակը՝ մենք ձգտում ենք Չինաստանի հետ արդար առևտրի։ Մենք կարող ենք դրանից օգուտ քաղել»,— ասել է Մերցը՝ ելույթ ունենալով «Berlin Global Dialogue» տնտեսական համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ։
Միևնույն ժամանակ ԳԴՀ կանցլերը նշել է, որ Եվրամիությունը մտադիր է վճռականորեն պաշտպանել իր տնտեսական շահերը և պայքարել անբարեխիղճ մրցակցության դեմ։ Նրա խոսքով՝ եվրոպական կողմը բախվում է Պեկինի «անբարեխիղճ գործելակերպին»։ «Եվ մենք պետք է քննարկենք դա»,— հավելել է Մերցը՝ հստակեցնելով, որ ներկայիս իրավիճակը «չի նշանակում Չինաստանի հետ առևտրային պատերազմի մեկնարկ»։ Գերմանիայի կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ Բրյուսելի առանցքային նպատակը ՉԺՀ-ի հետ փոխգործակցության մեջ «նոր հավասարակշռության» հասնելն է, քանի որ Չինաստանը շարունակում է մնալ չափազանց կարևոր շուկա գերմանական բազմաթիվ ձեռնարկությունների համար։
ԳԴՀ կանցլերը հստակեցրել է, որ ԵՄ-ն առանց ծայրահեղ անհրաժեշտության չի պատրաստվում գործի դնել իր տրամադրության տակ եղած «պաշտպանական միջոցների ողջ զինանոցը», սակայն «պատրաստ է պաշտպանվել»։ «Մենք ունենք գործիքակազմ. մենք բացում ենք այդ «գործիքների արկղը», ցույց ենք տալիս այն, բայց չենք ցանկանում գործի դնել։ Այդ կերպ մենք ի ցույց ենք դնում անբարեխիղճ գործելակերպից պաշտպանվելու մեր պատրաստակամությունը։ Եվ երկխոսությունն արդեն սկսվել է. այն դարձել է ավելի խորը, քան երբևէ»,— փաստել է Մերցը։
Որպես Պեկինի հետ առևտրային հարաբերությունների գլխավոր խնդիրներ՝ նա առանձնացրել է արտադրական հզորությունների ավելցուկը, չինական ավտոարդյունաբերության լայնածավալ պետական սուբսիդավորումը և յուանի արհեստականորեն նվազեցված փոխարժեքը։ Միևնույն ժամանակ ԳԴՀ կառավարության ղեկավարը հստակ սահմանագիծ է անցկացրել Վաշինգտոնի պրոտեկցիոնիստական քաղաքականության և Եվրոպայի դիրքորոշման միջև։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն բաց շուկա է և ցանկանում է այդպիսին մնալ նաև ապագայում։ «Սրանում է Եվրոպայի սկզբունքային տարբերությունն ԱՄՆ-ից»,— պնդել է Մերցը՝ հիշեցնելով, որ ամերիկյան շուկան դե ֆակտո փակ է ՉԺՀ պետական ընկերությունների և առևտրային կառույցների մեծ մասի համար։
Ավելի վաղ ԵՄ գագաթնաժողովում միության երկրների առաջնորդները Եվրահանձնաժողովին հանձնարարել էին հրատապ կարգով մշակել շուկայական անհավասարակշռություններին հակազդելու լրացուցիչ գործիքներ։ ԵՄ ներքին շուկա մուտքի վերահսկողությունը խստացնելու նախաձեռնությամբ հանդես էին եկել Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Զուգահեռաբար Բրյուսելն ուղիղ բանակցություններ է վարում Պեկինի հետ. մասնավորապես, Չինաստանի մայրաքաղաքում կայացած հանդիպումներից հետո ՉԺՀ-ն համաձայնել է ավելի քան երկու անգամ կրճատել իր հիբրիդային ավտոմեքենաների արտահանումը Եվրոպա, ինչը պետք է թուլացնի մրցակցային ճնշումը գերմանական ավտոկոնցեռնների վրա։





























