Իրանը միշտ վերահսկելու է Հորմուզի նեղուցը, բայց պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունն այս կարևոր ծովային զարկերակով։ Այս մասին «Financial Times» պարբերականի իր սյունակում գրել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Իրականությունն այն է, որ զուտ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Իրանը միշտ օժտված է լինելու Հորմուզի նեղուցով ծովային նավագնացության վրա ազդելու աննախադեպ հնարավորություններով։ Է՛լ ավելի կարևոր է այն, որ, չնայած այլընտրանքային երթուղիների շուրջ աղմուկին, այս ջրային ուղին անփոխարինելի է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար,— նշել է ԻԻՀ ԱԳ նախարարը։— Լավ լուրն այն է, որ Իրանը մտադիր է բարեխղճորեն կատարել Հորմուզի նեղուցի և այն օրինական կերպով հատողների պահապանի իր պատմական դերը»,— վստահեցրել է նա։

Ստեղծված իրավիճակից ելքն Արաղչին համարել է Միացյալ Նահանգների կողմից այն փաստի գիտակցումը, որ «հակամարտության ռազմական լուծումներ չկան»։ «Սա պետք է ակնհայտ դառնար արդեն գրեթե ութ ամիս տևած պատերազմից հետո, որի ընթացքում հրապարակայնորեն հայտարարված այն նպատակներից և ոչ մեկը, որոնց համար ԱՄՆ-ն սկսեց հարվածներ հասցնել Իրանին, այդպես էլ իրականություն չդարձավ»,— գրել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ Թեհրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման յոթօրյա ծրագիր։ Ծրագիրը նախատեսում է, որ «նեղուցը կբացվի վեցերորդ օրը, իսկ վերջնական գործարքի շուրջ բանակցությունները [ԱՄՆ-ի հետ] կվերսկսվեն յոթերորդ օրը»։ «Եթե այս ծրագիրը կյանքի կոչվի, տարածաշրջանում կյանքը կսկսի վերադառնալ բնականոն հուն»,— վստահեցրել է Արաղչին։

«Որպես փորձառու դիվանագետ՝ ես պարտավոր եմ անել հնարավոր ամեն ինչ՝ դիվանագիտությանը շանս տալու համար, անգամ երբ հաջողության հույսը խիստ չնչին է»,— գրել է նա՝ միաժամանակ նախազգուշացնելով Վաշինգտոնին. «Եթե ԱՄՆ-ն դիվանագիտության փոխարեն դարձյալ նախընտրի ռազմական գործողությունները, ապա կարող եմ լիակատար վստահությամբ հայտարարել, որ դա է՛լ ավելի լուրջ ռազմավարական ձախողման կհանգեցնի»,— նշվում է հոդվածում։