Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլ է տալիս հանգուցյալների աճյունները վերածել կոմպոստի՝ ավանդական թաղման կամ դիակիզման փոխարեն։ Այս մասին է վկայում նահանգի խորհրդարանի կայքում հոկտեմբերի 21-ին հրապարակված փաստաթուղթը։
«2010 թվականի «Հանրային առողջապահության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որպես հողին հանձնելու կամ դիակիզման այլընտրանք, նախատեսում է տերամացիա՝ հայտնի նաև որպես մարդկային աճյունների կոմպոստացում», — նշված է փաստաթղթում։
Օրինագծի համաձայն՝ տերամացիան թթվածնային միջավայրում աճյունի կենսաբանական քայքայման վերահսկելի գործընթաց է, որի արդյունքում առաջանում է հումուս կամ նմանատիպ օրգանական նյութ։ Ընթացակարգով թույլատրվում է նաև ոսկրային մնացորդների առանձին մանրացումը՝ դրանք հետագայում կոմպոստին ավելացնելու նպատակով։
Փաստաթղթի համաձայն՝ մարմինների վերամշակումն իրականացվելու է դրա համար հատուկ նախատեսված հաստատություններում։ Ընդ որում, արգելվում է միևնույն տարայում միաժամանակ տեղադրել մի քանի ննջեցյալի աճյուն, բացառությամբ լիազոր մարմնի կողմից հատուկ թույլատրված դեպքերի։
Օրինագիծը սահմանափակումներ է դնում նաև՝ հաշվի առնելով հանգուցյալի կամքը։ Մասնավորապես, արգելվում է տերամացիա իրականացնել, եթե հայտնի է, որ մարդը կենդանության օրոք գրավոր դեմ է արտահայտվել իր մարմնի հետ նման կերպ վարվելուն։
Վերամշակումից ստացված օրգանական նյութը թույլատրվում է փոխանցել հարազատներին կամ այլ անձանց՝ հանգուցյալի կամ հուղարկավորությունը կազմակերպող դիմումատուի ցանկությամբ։ Բացի այդ, փաստաթուղթը թույլ է տալիս այն տեղադրել գերեզմանատանը, հատուկ հատկացված տարածքում կամ այլ հողատարածքում՝ հողատիրոջ համաձայնությամբ։
Եթե հարազատները սահմանված ժամկետում չվերցնեն աճյունը, կազմակերպիչը կկարողանա տնօրինել այն օրենքով նախատեսված այլ եղանակով՝ դիմումատուին նախապես 14 օր առաջ ծանուցելուց հետո։
Ինչպես հայտնում է The Sydney Morning Herald թերթը, օրենսդրական նախաձեռնության հեղինակը Սիդնեյից անկախ պատգամավոր Ալեքս Գրինվիչն է։ Նրա համոզմամբ՝ նոր տեխնոլոգիան ավստրալացիներին հնարավորություն կտա ընտրելու հանգուցյալների աճյունների հետ վարվելու առավել մատչելի և էկոլոգիապես անվտանգ տարբերակ։
Ստորին պալատի հավանությանն արժանանալուց հետո փաստաթուղթը պետք է փոխանցվի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի վերին պալատի քննարկմանը։ Վերջնական ընդունման դեպքում տերամացիան թույլատրող հիմնական դրույթները ուժի մեջ կմտնեն օրենքի հաստատումից ոչ շուտ, քան երկու տարի անց։ Այդ ժամանակահատվածն անհրաժեշտ է լրացուցիչ կանոնակարգեր մշակելու և պահանջները ոլորտի ներկայացուցիչների հետ համաձայնեցնելու համար։
Պարբերականի տեղեկություններով՝ բնական օրգանական քայքայման տեխնոլոգիան ենթադրում է մարմնի տեղադրում չժանգոտվող պողպատից պատրաստված հատուկ կոնտեյներում՝ փայտի տաշեղների, առվույտի և հարդի հետ միասին։ Վերամշակման նախնական փուլը տևում է մինչև յոթ շաբաթ, ինչից հետո ստացված զանգվածն անցնում է լրացուցիչ հասունացման փուլ, որը կարող է տևել մինչև երեք ամիս։
Թերթի տվյալներով՝ նյութի հրապարակման պահին մարդկային աճյունների կոմպոստացումը թույլատրված էր ԱՄՆ 14 նահանգում և Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասում։ Եթե օրենսդրական նախաձեռնությունը վերջնականապես հաստատվի, Նոր Հարավային Ուելսը կդառնա Ավստրալիայի առաջին նահանգը, որը կթույլատրի նման փորձառությունը։





























