ԵԱՏՄ զեկույցը հրապարակվել է նախօրեին՝ բառացիորեն ժամեր առաջ։ Այն բավականին ծավալուն է և մենք ծանոթանում ենք դրան, վերլուծում և ձևավորում Հայաստանի վարքագիծն ու դիրքորոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Այն հարցին, թե արդյոք կա՞ հեռացման մեխանիզմ, նախարարը նշել է, որ հայկական կողմին նման մեխանիզմ հայտնի չէ։

Միրզոյանի խոսքով՝ Երևանը կուսումնասիրի և կարձագանքի։ Նախարարը հավելել է, որ քաղաքացիների բարեկեցությունը, Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ-ի մյուս երկրների հետ ավանդական առևտրային կապերը կարևոր են, բայց ամենակարևորը Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունն են։ «Մեր դիրքորոշումը սերտորեն պայմանավորված կլինի նշված հանգամանքներով», - ընդգծել է Միրզոյանը։

Անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների այն կարծիքին, թե ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ապոկալիպտիկ սցենար է սպասվում (այդ մասին հայտարարել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը)՝ Միրզոյանը նկատել է, որ ընդդիմությունը հենց նրա համար է, որ նման սցենարներ կանխատեսի։ Նրա խոսքով՝ արդեն մի քանի տարի է, ինչ մենք լսում ենք այդ մասին։

«Եթե ռուսական կողմը որոշի միակողմանիորեն բարձրացնել գազի գինը, չգիտեմ, թե որքանով դա գործընկերային կլինի և որքանով կարտացոլի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, բայց իրավիճակը պարզ կլինի»,— կարծում է Միրզոյանը՝ հավելելով, որ ՌԴ-ի հետ կան բազմաթիվ հաջողված նախագծեր՝ ԱԷԿ-ը, ՎՏԲ-ն, ԶՊՄԿ-ն, ՌԴ նախագահի նշած ռազմաբազան ու ավիաբազան։ «Իմ կողմից կարող եմ ավելացնել «ՀայՌուսգազարտը», «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի շրջանակում հանձնված ողջ գույքը։ Հայաստանի և ՌԴ-ի տնտեսական ու ռազմավարական հարաբերությունները բազմաթիվ բաղադրիչներ ունեն, պետք չէ սահմանափակվել միայն գազի գնով։ Այդ դեպքում կարելի է քննարկել հարցերի ողջ շրջանակը»,— հայտարարել է Միրզոյանը՝ նշելով, որ ռուսական կողմի հետ կա նախնական ըմբռնում՝ նստելու և հարաբերությունների ողջ սպեկտրը դիտարկելու շուրջ։ Իսկ այն դիտարկմանը, թե Երևանին կշտամբում են պարտավորությունները չկատարելու մեջ, նախարարը վստահեցրել է, որ «ոչ ոք մեզանից լավ չի կատարում իր պարտավորությունները»։