Հրազդանի բնակիչ եմ, ունեմ երկու հատ տեխնիկա, զբաղվում եմ բեռնափոխադրումներով, անհամբեր սպասում ենք «Հրազդան ցեմենտի» թույլատվությանը, որ բոլորս էլ աշխատենք, բոլորիս համար լավ կլինի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21–ին, «Հրազդացեմենտի» գործարանի աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ նշեց մասնակիցներից Սպարտակ Հովհաննիսյանը։

«Թույլ տալով զավոդին աշխատել, բոլոր աշխատակիցները կստանան իրենց չվճարված աշխատավարձերը և կանցնեն իրենց հին աշխատանքին։ Էս գործարանի բացումով ցեմենտի խնդիր չի ունենա Հայաստանը։ Այս պահին միակ լավ տարբերակը զավոդի աշխատանքն է։

Նախկինում աշխատել են 400-500 աշխատող, բայց հիմա էլ ավելի շատ աշխատատեղեր են բացվելու։ Ինչքան շուտ հնարավոր լինի գործարանի աշխատանքը, այդքան լավ կլինի Հրազդանի բնակիչների համար, ամբողջ Հայաստանի համար, ցեմենտի խնդիր չի լինի, շինարարությունները չեն կանգնի։ Լավ կլինի, որ Նալբանդյան Նարեկը գնի գործարանը և բոլոր աշխատողների նախկինում մնացած գումարները պետությունը վճարի»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ երկար ժամանակ շրջանառվում էր տեղեկությունը, որ գործարար Նարեկ Նալբանդյանը պատրաստվում է ձեռք բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտ» գործարանը, վարկային միջոցներ ներգրավել և վերագործարկել արտադրությունը։

Սակայն գործարքի ֆինանսավորման հարցում խնդիրներ են առաջացել, և հնարավոր է՝ գործարանի ձեռքբերումը ընդհանրապես չստացվի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Նարեկ Նալբանդյանի անվան շուրջ քննարկումներին։ Վարչապետը հայտարարել էր. «Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»,– ասել էր վարչապետը։ Նա նաև զգուշացրել էր գործարարներին, որ նման տպավորություն ստեղծելու փորձերին իշխանության արձագանքը լինելու է «դաժան, շատ դաժան, անհամաչափ»։