Հոկտեմբերի 20-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Սևանի ջրափրկարարական ջոկատի նորաբաց վարչական համալիրում հյուրընկալել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստան ժամանած՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Արամ Ղազարյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամները ծանոթացել են ջոկատի տեխնիկական հագեցվածությանը՝ ջրափրկարարական գույքին, մասնագիտացված սարքավորումներին և տեխնիկական միջոցներին։ Ներկայացվել են դրանց գործառնական նշանակությունն ու հնարավորությունները, կիրառման առանձնահատկությունները։
Պատվիրակության անդամները շրջայց են կատարել նաև վարչական համալիրում՝ ծանոթանալով շենքային պայմաններին, առկա ենթակառուցվածքներին, ծառայողական և աշխատանքային տարածքների հագեցվածությանը։
Շրջայցի ավարտին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում կողմերը քննարկել են աղետների ռիսկերի կառավարման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները։
Արամ Ղազարյանն ընդգծել է միջազգային համագործակցության կարևորությունը՝ մասնագիտական կարողությունների զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների և նորագույն տեխնիկական միջոցների ներդրման, ինչպես նաև բնակչության անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման գործում։
Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանը բարձր է գնահատել Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությունն ու անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմանները։ Նա անդրադարձել է Պեկինում ջրային տարածքների անվտանգության ապահովման փորձին՝ ներկայացնելով ջրահեղձման դեպքերի կանխարգելման, բնակչության իրազեկվածության բարձրացման և ջրային տարածքներում փրկարարական ծառայությունների գործունեության արդյունավետ կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հաշվի առնելով Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների կարևորությունը՝ կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։





























