Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը։ Բանակցությունների մեկնարկից առաջ Պուտինը հայտնել է Ռուսաստանում դատապարտված ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման մասին, փոխանցում է «Коммерсантъ»-ը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս որոշումը բացատրել է Դոնալդ Թրամփի խնդրանքով և 74-ամյա տղամարդու առողջական վիճակով։
«Առաջինը նախագահ Թրամփի խնդրանքն է։ Երկրորդը՝ նրա առողջական վիճակը. նա այնքան էլ առողջ մարդ չէ, և առողջ չէր նաև մինչև մեզ մոտ հայտնվելը։ Եվ ահա, առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով, նման որոշում կայացվեց»,— Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պեսկովը։
Ավելի ուշ Թրամփը հաստատել է, որ իրենց վերջին հեռախոսազրույցի ընթացքում անձամբ է խնդրել Պուտինին ազատ արձակել Հաբարդին։ Ազատ արձակման մասին հայտարարության պահին ամերիկացին գտնվել է «Պուլկովո» օդանավակայանում։
Հաբարդին ձերբակալել էին 2022 թվականի ապրիլին ուկրաինական Իզյումում՝ այն բանից հետո, երբ քաղաքն անցավ ռուսական զորքերի վերահսկողության տակ։ 2024 թվականին նրան դատապարտել էին վեց տարի և տասը ամիս ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝ վարձկանության մեղադրանքով։ Քննության վարկածով՝ նա պայմանագիր էր կնքել Իզյումի տարածքային պաշտպանության գումարտակի հետ։ Հաբարդը Խարկովի մարզ է տեղափոխվել 2014 թվականին՝ քաղաքացիական կնոջ մոտ։





























