Եվրամիությունը կոչ է արել Իլոն Մասկի «SpaceX» ընկերությանը հրատապ կերպով վերականգնել «Starlink» արբանյակային ինտերնետի լիարժեք աշխատանքը Ուկրաինայում՝ ծառայության հասանելիության սահմանափակման մասին տեղեկությունների ֆոնին, հաղորդում է dpa-ն։
Բրյուսելում այդ հաղորդումները որակել են «խորը մտահոգություն հարուցող և ընկերության կողմից այդ ծառայությունների մատուցման նախկին գործելակերպին հակասող»։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ուկրաինային «Starlink»-ը անհրաժեշտ է երկրի պաշտպանության համար օգտագործվող անօդաչու թռչող սարքերը կառավարելու նպատակով։ Նրա խոսքով՝ պատերազմը ցույց տվեց, թե Եվրոպայի անվտանգությունը որքան մեծ կախվածություն ունի տիեզերական ենթակառուցվածքներից։
Այդ պատճառով ԵՄ-ն մշակում է սեփական «IRIS2» արբանյակային համակարգը, որը ներառելու է ավելի քան 300 արբանյակ և պաշտպանված կապ է ապահովելու քաղաքացիական ու ռազմական կարիքների համար։ Ծրագրում նախատեսվում է լիարժեքորեն ներգրավել նաև Ուկրաինային։
Ավելի վաղ «The Wall Street Journal»-ը և «CBS News»-ը հայտնել էին, որ Մասկն առնչություն ունի Ուկրաինայում «Starlink»-ի աշխատանքի սահմանափակումներին։ «CBS News»-ի տվյալներով՝ որոշում կայացնելուց առաջ նա այս հարցը մի քանի անգամ քննարկել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ և ցանկացել է պարզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը։ «The Wall Street Journal»-ը, իր հերթին, հայտնել էր սահմանափակումների կիրառումից հետո Մասկի և Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցի մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ անօդաչուների վրա տեղադրված «Starlink»-ի շարժական տերմինալները դադարել են միանալ ցանցին, երբ սարքերը հասել են որոշակի արագության։
Նրա խոսքով՝ սա անդրադարձել է այն դրոնների վրա, որոնք կիրառվում են ինչպես պաշտպանության, այնպես էլ ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու համար։





























