Իսրայելը խիստ դատապարտել է Լիբիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Թուրքիայի հետ Միջերկրական ծովում ծովային իրավազորությունների սահմանազատման մասին համաձայնագրի հավանությունը, հայտնում է The Times of Israel-ը։

2019 թվականին Անկարայի և Տրիպոլիի ստորագրած փաստաթուղթը առաջացնում է Հունաստանի, Եգիպտոսի և Կիպրոսի առարկությունները, որոնք կարծում են, որ այն խախտում է իրենց ծովային իրավունքները։

«Այս համաձայնագիրը խախտում է տարածաշրջանում մեր մերձավոր դաշնակիցների ինքնիշխան իրավունքները։ Ցավոք, մենք կրկին տեսնում ենք, թե ինչպես է Թուրքիան ապակայունացնում իրավիճակը Արևելյան Միջերկրականում»,- հայտարարել են Իսրայելի ԱԳՆ-ում։

Լիբիայի խորհրդարանի որոշումն ընդունվել է նույն օրը, երբ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը Տրիպոլիում հանդիպել է Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի հետ։

Anadolu-ի տվյալներով՝ կողմերը քննարկել են երկրի արևելքում և արևմուտքում մրցակցող վարչակազմերի, ինչպես նաև մասնատված ռազմական կառույցների միավորումը։

Քալընը հաստատել է Լիբիայում քաղաքական և ռազմական հաշտեցմանը նպաստելու Անկարայի պատրաստակամությունը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Դբեյբային, վերջերս Ներկայացուցիչների պալատի նախագահ ընտրված Սալեհ Աբդուննաբիին և Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ Սադդամ Հաֆթարին՝ ծովային համաձայնագրի հաստատմանն աջակցելու համար։

Փաստաթղթի հավանության դեմ հանդես են եկել նաև Հունաստանն ու Եվրամիությունը։ Աթենքը, Կահիրեն և Նիկոսիան կարծում են, որ համաձայնագիրը հակասում է միջազգային իրավունքին և առնչվում է իրենց սեփական ծովային պահանջներին։