Սույն փաստաթուղթը ստորագրվել է ընթացիկ տարվա փետրվարին և միտված է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրի, ներդրումների և ծառայությունների ազատականացմանը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության և ԱՄԷ-ի կառավարությունների միջև «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նշել է, որ փաստաթուղթն ուղղված է նշված ոլորտներում խոչընդոտների փոխադարձ վերացմանը, տնտեսական համագործակցության ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը և նոր շուկաների բացահայտմանը։

«Համաձայնագիրը նաև նախատեսում է գործունեություն ծավալել 122 ուղղություններով, այդ թվում՝ համակարգչային և ՏՏ ծառայությունների, գիտատեխնիկական խորհրդատվության, սարքավորումների սպասարկման և վերանորոգման, քարտեզագրության, հեռահաղորդակցության, առողջապահության, փոստային ծառայությունների և այլն ոլորտներում», - ասել է Պապոյանը։

Նա դրական է գնահատել 2026 թվականը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության տեսանկյունից՝ այն անվանելով լավագույնը, և դա այն դեպքում, երբ նախորդ տարիներին ծավալներն զգալիորեն ավելի մեծ են եղել։ Որպես օրինակ՝ նախարարը բերել է 2024 թվականը՝ միաժամանակ նկատելով, որ այն ժամանակ խոսքը ոսկու մասին էր։

«Սակայն տնտեսական էֆեկտի տեսանկյունից դա ոչինչ չտվեց, ճիշտ այնպես, ինչպես և չզգացվեց ոսկու մատակարարումների դադարեցումը»,– հավելել է կառավարության ներկայացուցիչը։

Ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքներով, ինչպես նշել է Պապոյանը, միայն հայկական ծագման ապրանքների արտահանումն դեպի ԱՄԷ աճել է 30%-ով՝ կազմելով 130 միլիոն դոլար։

«Դրան նպաստել են մի շարք գործոններ, այդ թվում՝ թարմ գյուղատնտեսական արտադրանքի՝ դեղձի, ծիրանի, կեռասի, հապալասի, ելակի, նռան, կիվիի և այլնի մատակարարումների բազմակի աճը»,– նկատել է նախարարը։

Որոշ քննարկումներից հետո այս նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։