Ֆրանսիայի փոխառությունների արժեքը 24 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 5%-ը՝ քաղաքական ճգնաժամի, զանգվածային անկարգությունների և հաջորդ տարվա բյուջեն համաձայնեցնելու կառավարության անկարողության հետնապատկերին, գրում է The Guardian-ը։

Ներդրողները մտավախություն ունեն, որ քաղաքական փակուղին Փարիզին կխանգարի կրճատել բյուջեի դեֆիցիտը և զսպել պետական պարտքի աճը։

Ֆրանսիական 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունն առավոտյան աճել է ավելի քան 8 բազիսային կետով՝ հասնելով 5%-ի, ապա փոքր-ինչ նվազել է՝ մինչև 4,99%։ Եկամտաբերության աճը նշանակում է, որ պետությունը ստիպված է ներդրողներին առաջարկել ավելի բարձր եկամուտ՝ միջոցներ ներգրավելու համար։

Վերջին շաբաթներին Ֆրանսիայում շարունակվում են փողոցային բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին սեպտեմբերին՝ դպրոցներում պայմանները բարելավելու, ֆինանսավորումն ավելացնելու և ուսուցիչների պակասի խնդիրը լուծելու պահանջներով։ Այնուհետև դժգոհությունը տարածվել է կյանքի թանկացման վրա։ Մի շարք քաղաքներում ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, ջարդերով և թալանով։ Լիմոժում ցուցարարները հրկիզել են քաղաքապետարանի շենքը։

Քաղաքական անկայունությունն ուժեղացել է 2024 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի ստացել։ Խորհրդարանում տարաձայնությունների պատճառով նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել առաջ մղել մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ կենսաթոշակային տարիքը 62-ից 64 բարձրացնելը և պետական ծախսերի կրճատման միջոցները։

2025 թվականի արդյունքներով Ֆրանսիայի բյուջեի դեֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 5,1%-ը, իսկ պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 115,6%-ին։ Առանց լրացուցիչ միջոցների երկու ցուցանիշներն էլ կարող են շարունակել աճել։ Ֆինանսական ռիսկերի ֆոնին որոշ օտարերկրյա ներդրողներ, մասնավորապես ճապոնական ֆոնդերի կառավարիչները, կրճատել են Ֆրանսիայի վարկավորումը, իսկ մնացածները պահանջում են ավելի բարձր եկամտաբերություն։

Ebury վճարային հարթակի շուկայական ռազմավարության բաժնի ղեկավար Մեթյու Ռայանը նշել է, որ Ֆրանսիայում քաղաքական ռիսկերը նաև ճնշում են գործադրում եվրոյի վրա։

Ըստ նրա՝ առայժմ պարզ չէ, թե կհաջողվի՞ արդյոք 2027 թվականի բյուջեն անցկացնել խորհրդարանով, իսկ ձախ և աջ ուժերին հնարավոր զիջումները կարող են բավարար չլինել դեֆիցիտի խնդիրը լուծելու համար։