Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդն, այսօր` մայիսի 25-ին, պաշտոնապես հայտարարել է «Այո» արշավի մեկնարկի մասին, որը միտված է համոզելու շոտլանդացիներին քվեարկել Մեծ Բրիտանիայից անջատվելու օգտին: Ինչպես գրում է The Guardian-ը, Սելմոնդի տեղակալ Նիկոլ Սթերջենը նշել է, թե Անկախությունը թույլ կտա Շոտլանդիային դառնալ ուժեղ եւ մրցունակ երկիր:
Ընդ որում, նա հայտարարել է, թե անկախ Շոտլանդիան կշարունակի օգտագործել բրիտանական ֆունտը որպես արժույթ, իսկ Շոտլանդիայի նավթային հարստությունները եւ վիսկիի արտահանումը կօգնեն տեղական տնտեսության դինամիկ զարգացմանը:
Շոտլանդացի ազգայնականները մեծամասնություն են ստացել խորհրդարանում եւ կառավարություն կազմել: Լոնդոնի հետ տարաձայնությունների պատճառով հանրաքվեի օրը դեռ նշանակված չէ, ակնկալվում է, որ շոտլանդացիները կարող են իրենց ճակատագիրը որոշել 2013 կամ 2014 թվականին:
Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի մաս էր դարձել 1707թ. հերթական պատերազմը տանուլ տալուց հետո:




























