Հայաստանում իշխող «ՔՊ»-ն վախենում է, որ պարտվելով Ստեփանավանում, հետո կպարտվի նաև այլ վայրերում։ Դրա մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ից պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ այսօր ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուն և կուսակցության ևս 14 ներկայացուցիչներ։

«Այսօր տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ իշխանություններն էլ գիտեն, որ Ստեփանավանում պարտվելու են, և «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի ու կուսակցության 14 համակիրների ձերբակալությունները դրա մասին են խոսում։ Տեսանյութում երևում է, որ դրանք շտաբի աշխատակիցներ են։ Շտաբն աշխատում է, ինչը ծախսեր է ենթադրում, բայց դա ամենևին չի նշանակում, թե որևէ մեկին կաշառել են։ Իշխանությունների վախն այնքան մեծ է, որ նրանք չեն սպասում ընտրությունների արդյունքներին և ձգտում են թեկնածուին մեկուսացնել ընտրություններից մի քանի օր առաջ»,- նշել է Աբրահամյանը։

Պատգամավորը վստահեցրել է, որ Ստեփանավանում պայքարը կշարունակվի, և «Ուժեղ Հայաստանը» պետք է հաղթի։ Նա նշել է, որ նույնիսկ իշխանամետ փորձագետները ստիպված են ընդունել խախտումների մասշտաբները։ «ԵԽԽՎ-ի զեկույցում խախտումներն առավել քան հանգամանորեն ներկայացված են՝ այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում ենք։ «ՔՊ»-ն վախենում է, որ պարտվելով Ստեփանավանում, հետո կպարտվի նաև այլ վայրերում»,- նշել է Աբրահամյանը։

Այն հարցին, թե ինչպես է շարունակվելու պայքարը, պատգամավորը պատասխանել է, որ այն ընթանալու է տարբեր ուղղություններով՝ ինստիտուցիոնալ պայքար ԱԺ-ում, այստեղ կան որոշ փոքր ձեռքբերումներ, ինչպես նաև փողոցային պայքար, որը կլինի անհրաժեշտ օրը և կպսակվի հաջողությամբ։