Gen Z regelt («Z սերունդը գլուխ կհանի») երիտասարդական նախաձեռնությունը կոչ է արել շաբաթ օրը՝ հոկտեմբերի 31-ին, Գերմանիայի 21 քաղաքում զանգվածային բողոքի ակցիաներ անցկացնել, գրում է DW-ն։
Ակնկալվում է, որ հազարավոր երիտասարդներ դուրս կգան Բեռլինի, Քյոլնի, Համբուրգի, Մյունխենի և այլ քաղաքների փողոցներ՝ բողոքելով դպրոցներում առկա խնդիրների, բյուջետային խնայողությունների քաղաքականության, կյանքի թանկացման, սոցիալական անհավասարության, զինվորական ծառայության զորակոչի և կլիմայի փոփոխության դեմ։
Բողոքի ակցիաների կոչը հնչել է Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունների ֆոնին, որտեղ կյանքի թանկացման դեմ ակցիաները վերածվել են բախումների, ջարդերի և հրկիզումների։ Սկզբում ֆրանսիացի դպրոցականների և ուսանողների դժգոհությունը կրթական համակարգի վիճակից աստիճանաբար միավորել է արհմիություններին և այլ խմբերին, որոնք հանդես են գալիս սոցիալական և քաղաքական հարցերի լայն շրջանակով։
Գերմանական ակցիաների կազմակերպիչները շեշտում են, որ դեմ են ցանկացած բռնության՝ ինչպես մարդկանց, այնպես էլ գույքի նկատմամբ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ մտադիր է ապահովել ցույցերի անվտանգությունը և պաշտպանել քաղաքացիների՝ խաղաղ հավաքների և կարծիք արտահայտելու իրավունքը։
Միևնույն ժամանակ Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում տեղի ունեցող անկարգությունները մտահոգություն են առաջացրել գերմանական իշխանությունների և իրավապահ մարմինների մոտ։ Նրանք նախազգուշացնում են, որ բողոքի ակցիաներից կարող են օգտվել ձախ արմատականներն ու ծայրահեղականները։
Գերմանիայի դաշնային ոստիկանության աշխատակիցների շահերը ներկայացնող GdP արհմիության ղեկավար Անդրեաս Ռոսսկոպֆը հայտարարել է, որ իրավապահները վճռականորեն կկանխեն կարգի ցանկացած խախտում։ Ըստ նրա՝ արմատականները կարող են փորձել ներթափանցել ցուցարարների շարքեր՝ ոստիկանների վրա հարձակվելու կամ ավերածություններ հրահրելու համար։





























