Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինայում ռազմական գործողությունները և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնել է ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «Интерфакс»-ը։
Նա նշել է, որ Պուտինն Ուիթքոֆին ներկայացրել է շփման գծում իրավիճակի գնահատականը՝ հայտարարելով, որ ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ գտնվում է ռուսական զորքերի ձեռքում։ Ուշակովը պնդում է, որ ռուսական ստորաբաժանումները շարունակում են առաջխաղացումը հիմնական ուղղություններով, ինչպես նաև հարվածներ են հասցնում Ուկրաինայի տարածքում գտնվող ռազմաարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և լոգիստիկայի օբյեկտներին։
Բանակցությունների առանձին թեմա է դարձել Մերձավոր Արևելքում, առաջին հերթին՝ Իրանի շուրջ իրավիճակը։ Պուտինն ընդգծել է, որ դիվանագիտական կարգավորման հնարավորությունները դեռևս հեռու են սպառված լինելուց և որ Թեհրանի հետ, որը Մոսկվայի ռազմավարական գործընկերն է, «կարելի է և պետք է պայմանավորվել»։
Ուշակովը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է նաև հետագայում նպաստել իրանական խնդրի լուծման քաղաքական և դիվանագիտական ուղիների որոնմանը։





























