Պարտադիր չէ, որ վարչապետը զանգահարի և հրահանգներ տա իրավապահներին։ Նրանք հետևում են նրա հայտարարություններին և դրանք ընկալում որպես գործողության ուղեցույց։ Նման կարծիք է հայտնել «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, իրավաբան Ռուբեն Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Ստեփանավանում ստեղծված իրավիճակը, որտեղ այսօր ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են «Ուժեղ Հայաստանից» քաղաքի քաղաքապետի թեկնածուն և կուսակցության ևս 14 ներկայացուցիչներ։

Նրա կարծիքով՝ իշխանությունների վախերը Ստեփանավանում ընտրությունների արդյունքի վերաբերյալ վաղուց հայտնի էին, ինչի մասին վկայում էին իշխանությունների անվերջ խոսակցությունները։ Իրավաբանն արձանագրեց, որ հրապարակված տեսանյութը նկարահանվել է թաքնված տեսախցիկով, և դեռ պետք է պարզել, թե կոնկրետ ինչ է նկարահանվել։ «Հարց է՝ ընդհանրապես ինչ գումարների մասին է խոսքը։ Մինչ փաստաբանների պաշտոնական հայտարարությունները կարելի է խոսել ինչի մասին ասես։ Ես չեմ հավատում, որ դա կաշառք էր։ Մեր ուժի գլխավոր գաղափարախոսությունն այն է, որ ով կաշառք է բաժանում, մեր թիմում չի լինելու։ Ես վստահ եմ, որ դա կաշառք չէր։ Էլ չեմ ասում անմեղության կանխավարկածի մասին։ Դա կարող էին լինել սննդի, կամ որևէ այլ բանի համար նախատեսված գումարներ»,- նկատելէ Մխիթարյանը՝ հիշեցնելով, որ կաշառքն այն է, ինչ տրվում է ընտրողին, որպեսզի նա քվեարկի կոնկրետ թեկնածուի օգտին։