Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը կրկին փորձում է միջուկային զենք մշակել, և Իրանի ռեժիմի տապալումն անվանել է այս սպառնալիքը վերջնականապես վերացնելու միակ միջոցը։ Դրա մասին նա ասել է երկրի հարավում Իսրայելի պաշտպանության բանակի սպայական դպրոցի կուրսանտների ավարտական արարողության ժամանակ, հայտնում է The Times of Israel-ը։
«Իրանական ռեժիմը մինչ օրս դասը չի քաղել։ Մոջթաբա Խամենեին որոշել է գնալ հոր հետքերով։ Նա հանել է ապահովիչը, և Իրանը կրկին փորձում է մշակել իր մահաբեր զենքը»,- հայտարարել է Նեթանյահուն։
Ըստ նրա՝ Իրանում ռեժիմը տապալելու խնդիրը դրված է Իսրայելի պաշտպանության բանակի, արտաքին հետախուզության «Մոսադ»-ի և անվտանգության այլ ծառայությունների առջև։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, նույն արարողության ժամանակ ելույթ ունենալով, Թեհրանին և նրա դաշնակիցներին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատրաստ է կանխել հնարավոր հարձակումները ընտրություններից առաջ, որոնք պետք է անցկացվեն հաջորդ շաբաթ։ Նրա պնդմամբ՝ իսրայելական իշխանությունները բացահայտել են ահաբեկչական գործողություններ կազմակերպելու փորձեր, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։
Կացը հայտարարել է, որ իրանական ռեժիմն իր գոյության ամբողջ ընթացքում ամենախոցելի վիճակում է, և դրա պատճառով կարող է դիմել ծայրահեղ քայլերի, այդ թվում՝ Իսրայելի դեմ։
«Եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, Իրանը կվառվի՛»- սպառնացել է իսրայելացի նախարարը։
Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, իր հերթին, ընդգծել է, որ երկրի պաշտպանությունը պետք է մնա բոլոր քաղաքացիների ընդհանուր խնդիրը՝ չնայած տարաձայնություններին։





























