Բոլորին հայտնի է, որ ցանկացած մակարդակի ընտրություններից առաջ ընդդիմության շտաբներում հայտնվում են թաքնված տեսախցիկներ։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ընդդիմադիր քաղաքական գործիչ Սևակ Խաչատրյանը՝ մեկնաբանելով Ստեփանավանում ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ այսօր ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուն և կուսակցության ևս 14 ներկայացուցիչներ։
«Մենք վաղուց էինք ասում, որ ընտրություններից առաջ այն ընդդիմադիր ուժերը, որոնք կհամարձակվեն առաջադրվել, կենթարկվեն ամբողջական ճնշման։ Այսօրվա իրադարձությունները հենց այդ ժանրից են։ Բոլորին հայտնի է, որ ընդդիմադիր ուժերի շտաբներում հայտնվում են թաքնված ձայնագրող սարքեր։ Ուշագրավ է, որ «ՔՊ»-ի շտաբներում դրանք ոչ մի անգամ չեն եղել։ Ես ինքս դատապարտում եմ կաշառելու ցանկացած փորձ։ Թող քննությունը պարզի, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց ի՞նչ եք կարծում, թեկնածուն չգիտի՞, որ ընդդիմության շտաբներում թաքնված տեսախցիկներ են հայտնվում, և շտաբում նստած կաշա՞ռք է փոխանցում։ Կարծում եմ՝ դրանք շտաբի ինչ-որ ընթացիկ ծախսերի համար նախատեսված գումարներ էին»,- նշել է Խաչատրյանը։
Մեկնաբանելով խախտումների դեպքում քաղաքացիներին անձամբ իրեն դիմելու մասին Փաշինյանի կոչը՝ Խաչատրյանը դա քաղաքական շոու է անվանել՝ ընդգծելով, որ Հայաստանում Ֆեյսբուքում լայքի համար կարող են աշխատանքից ազատել։











