Աթենքի կենտրոնում չորս մարդ, ներառյալ՝ երկու ոստիկան, տուժել են պայուսակի պայթյունից, որի մեջ, ենթադրաբար, եղել են թմրանյութեր և ինքնաշեն պայթուցիկ սարք, հայտնում է Kathimerini-ն։

Նախնական տվյալներով՝ Կոլոնոս թաղամասի Պլատոնոս փողոցում գտնվող բնակելի շենքի կառավարիչը ոստիկանությանը հայտնել է, որ մուտքի մոտ թողել են թմրանյութերով պայուսակ, և խնդրել է այն վերցնել։ Դեպքի վայր ժամանած աշխատակիցները բացել են պայուսակը։ Ըստ ոստիկաններից մեկի նախնական ցուցմունքների՝ ներսում եղել են թմրանյութերի նմանվող նյութեր, կշեռք և հաբեր։ Դրանից հետո տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառները դեռ չեն պարզվել։

Բացի երկու ոստիկաններից, տուժել են շենքի կառավարիչը և ևս մեկ մարդ։ Բոլոր չորսին տեղափոխել են հիվանդանոց, ոստիկանության աշխատակիցներից մեկի վիճակը գնահատվում է ավելի ծանր։

Քննությանը նախատեսվում էր ներգրավել ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակիցներին։ Սկզբնական մտավախությունները, թե պայթյունը կարող էր լինել հատուկ ոստիկանների համար պատրաստված թակարդ, հետագայում գնահատվել են որպես պակաս հավանական վարկած։ Դեպքի վայրում աշխատել են 18 հրշեջ և վեց հրշեջ մեքենա։