Գերմանիայի զինված ուժերն առաջին անգամ իրենց զինծառայողների և ռազմական օբյեկտների դեմ ռուսական դիվերսիաների սպառնալիքը գնահատել են որպես «նշանակալի»՝ սպառնալիքների գնահատման ներքին համակարգում վտանգավորության աստիճանով երկրորդ մակարդակ, հայտնում են գերմանական WDR հեռուստաալիքները և Süddeutsche Zeitung պարբերականը՝ հղում անելով բունդեսվերի փաստաթղթին։

Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է, որ զինվորականները դիվերսիաների նշանակալի սպառնալիք են արձանագրում։

Գնահատականի վերանայմանը նախորդել էր սեպտեմբերի կեսերին Ստորին Սաքսոնիայում տեղակայված Վունստորֆ ավիաբազայից ոչ հեռու ընկած անօդաչու սարքի հայտնաբերումը, որի վրա եղել է տարա՝ հզոր պայթուցիկ նյութով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ ներքին փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանը հատել է նախկինում նշված «կարմիր գիծը»՝ կիրառելով անօդաչու սարքեր, որոնք ունակ են նյութական վնաս պատճառել և մարդկանց մահվան հանգեցնել։ Քննիչները ենթադրում են, որ դրոնի թիրախը կարող էին լինել բունդեսվերի ինքնաթիռները։

Փաստաթղթում հիշատակվում են նաև Գերմանիայում ռուսական հետախուզական ակտիվության այլ ենթադրյալ դեպքեր։ Դրանց թվում են՝ անօդաչու սարքերի թռիչքները Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տեղակայված Arrow 3 հակահրթիռային պաշտպանության օբյեկտի վրայով և Մինդենում ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային կայարանը նկարահանող քողարկված տեսախցիկի հայտնաբերումը։

Հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ մոտ ապագայում իրավիճակը կարող է վատթարանալ։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է ուժեղացնել առանձին օբյեկտների պաշտպանությունը՝ պարեկների թվի ավելացումից մինչև ինֆրակարմիր տեսախցիկների և պարագծի վերահսկման համակարգերի տեղադրում։

Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չորեքշաբթի հայտարարել է, որ ռուսական ապատեղեկատվությունն ու հիբրիդային հարձակումները Գերմանիայի համար գլխավոր սպառնալիքն են։ Ըստ նրա՝ հասարակությունը դեռևս թերագնահատում է երկրի քաղաքական համակարգի դեմ ուղղված վտանգի մասշտաբը։ Մոսկվան հերքում է Եվրոպայում դիվերսիաներին և հիբրիդային հարձակումներին իր առնչությունը։