Ադրբեջանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը Թուրքիայի հետ հարաբերություններում և վարել ավելի ինքնուրույն քաղաքականություն, իսկ Իսրայելի հետ ռազմական համագործակցությունը Բաքվին հավելյալ վստահություն է հաղորդում, NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Փորձագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում և փոխել տարածաշրջանում ձևավորված ուժերի հավասարակշռությունը՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից։
«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ձգտում է դառնալ ինքնուրույն ուժ և ամրապնդել իր դիրքերը Թուրքիայի հետ երկկողմ հարաբերություններում։ Դա լուրջ նշանակություն ունի տարածաշրջանում աշխարհաքաղաքականության և ռազմական հավասարակշռության տեսանկյունից»,- նշել է Սաֆրաստյանը։
Միաժամանակ Բաքուն ձգտում է ամրապնդել դիրքերը Անկարայի հետ երկկողմ հարաբերություններում և հանդես գալ որպես ավելի ինքնուրույն խաղացող՝ չնայած երկու երկրների բազմամյա ռազմական համագործակցությանը։
Սաֆրաստյանը նաև նշել է Իսրայելի դերն այս գործընթացում։
Ըստ նրա՝ Իսրայելը չի որոշում Ադրբեջանի քաղաքականությունը, սակայն նրա կարևորագույն ռազմական գործընկերներից մեկն է և նրան ժամանակակից սպառազինություն ու զինամթերք է մատակարարում։
«Ադրբեջանը չի զգում, որ ռազմական առումով կախված է բացառապես Թուրքիայից։ Նա ունի ևս մեկ գործընկեր՝ Իսրայելը, որը նրան ապահովում է սպառազինությամբ և զինամթերքով։ Դա Բաքվին հավելյալ վստահություն է հաղորդում Անկարայի հետ հարաբերություններում իր դիրքերն ամրապնդելու ձգտման մեջ»,- պարզաբանել է թուրքագետը։
Միաժամանակ Սաֆրաստյանը չի ակնկալում, որ ներկայիս լարվածությունը կվերածվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև խոր ճգնաժամի։
Նրա կարծիքով՝ երկու երկրներն էլ շահագրգռված են գործընկերության պահպանմամբ, ուստի հնարավոր սրումը կմնա որոշակի սահմաններում։
Փորձագետը հիշեցրել է, որ երկկողմ հարաբերությունների պատմության մեջ նման իրավիճակներ արդեն եղել են, սակայն կողմերին հաջողվել է համագործակցությունը պահպանելու ուղիներ գտնել։
Թուրքագետը չի բացառել նոր հայտարարություններ բարձր մակարդակով, սակայն երկու երկրների ռազմական բախումը քիչ հավանական է համարում։
Միևնույն ժամանակ, եթե լարվածությունը հասնի ռազմական էսկալացիայի սպառնալիքի մակարդակի, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար։




























