Իսպանական Լա Կորունյա քաղաքում ծայրահեղ աջ «Վոքս» կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալի ելույթի դեմ բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախումների։ Անկարգությունների ընթացքում վիրավորվել են ակցիայի մասնակիցներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ, մի քանի մարդ ձերբակալվել է, հաղորդում է EFE գործակալությունը։

Ակցիան տեղի է ունեցել չորեքշաբթի Մարիա Պիտայի հրապարակում, որտեղ հավաքվել էին «Վոքս»-ի շուրջ 300 կողմնակիցներ։ Ելույթի դեմ բողոքում էին ուսանողական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ազգայնական BNG կուսակցության երիտասարդական թևը և վարձակալների տեղական արհմիությունը։ Ոստիկանության գնահատմամբ՝ բողոքի ցույցին մոտ 5 հազար մարդ է մասնակցել։

Աբասկալի ելույթի ավարտից հետո որոշ մասնակիցներ սկսել են ոստիկանության շղթայի ուղղությամբ պայթուցիկ հրավառություններ, աթոռներ և քարեր նետել։ Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել։ EFE-ի տվյալներով՝ վիրավորվել են 12 ոստիկան, մի քանի տասնյակ ցուցարարներ և երկու լրագրող, իսկ ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է։

Աբասկալը բողոքի ակցիան անվանել է վախեցնելու փորձ և հայտարարել, որ «ոչ բռնությունը, ոչ էլ մարդկանց բերանը փակելու փորձերը» չեն կանգնեցնի իր կուսակցությանը։ Ակցիայի կազմակերպիչները հանդես էին գալիս «Վոքս»-ի ծայրահեղ աջ հռետորաբանության դեմ և հայտարարում էին, որ կուսակցությունը ատելություն է հրահրում և պառակտում հասարակությանը: