ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի համաձայնությունը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, կդառնա պատերազմի դադարեցման շուրջ փոխզիջման առաջին քայլը։ Սակայն առայժմ Մոսկվայի միակ զիջումը, որի վրա հույս է դնում ամերիկյան կողմը, սոսկ բանակցություններին վերադառնալու պատրաստակամությունն է, գրում է Axios-ը:
Չորեքշաբթի Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։ Բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահին ներկայացրել է հակամարտության կարգավորման թարմացված ծրագիրը, որը պատրաստվել էր Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների մասնակցությամբ, որը հանդիպմանը միացել էր հեռավար կարգով։
Ամերիկացի և ռուսաստանցի պաշտոնյաների տվյալներով՝ Պուտինը սկզբունքորեն համաձայնել է բանակցային խմբերի մակարդակով վերսկսել եռակողմ բանակցությունները։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, կողմերը հնարավոր է հանդիպեն մոտավորապես նոյեմբերի 10-ին Աբու Դաբիում։ Ամերիկյան կողմի ներկայացուցիչը հաստատել է, որ տեխնիկական մակարդակով հանդիպման առաջարկն ընդունել են և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը։
Հանդիպումից մեկ օր առաջ Ուիթքոֆն Օսլոյում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Նորվեգիայի և Ֆինլանդիայի ղեկավարների, ինչպես նաև Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Մասնակիցները քննարկել են պատերազմի դադարեցման համաձայնագրի ընդհանուր հիմքը։ Զելենսկին ավելի վաղ առաջարկել էր հանդիպում անցկացնել իր, Պուտինի և Թրամփի մասնակցությամբ, սակայն Մոսկվան մինչ այժմ մերժում էր այդ ձևաչափը։
Ուիթքոֆը Օսլոյում անցկացված բանակցությունները արդյունավետ է անվանել և հայտարարել, որ կողմերը հասել են առաջընթացի։ Նա հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կստեղծեն ռազմական գործողությունների հաջող դադարեցման համար։ Սակայն Նորվեգիայում հանդիպման արդյունքները Կրեմլումթերահավատորեն են գնահատել․ Ուշակովը հայտարարել է, որ Կիևի և եվրոպական երկրների առաջարկները հակամարտության կարգավորման համար քիչ օգտակար բան էին պարունակում։
Հանդիպման ընթացքում Պուտինը նաև հայտարարել է ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման մասին, որը ռուսական կալանքի մեջ էր ավելի քան չորս տարի։ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը դրա դիմաց ոչինչ չի տրամադրել, և փոխանակում չի եղել։ Բացի դրանից, Ռուսաստանի նախագահն առաջարկել է քննարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի միջնորդության հնարավորությունը և ցանկություն է հայտնել նոյեմբերի կեսերին Չինաստանում հանդիպել Թրամփին։





























