ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի գլխավոր դատախազ Ռաուլ Տորեսը հայց է ներկայացրել Ջեֆրի Էփշտեյնի փաստաբան Դարեն Ինդայքի և նրա հաշվապահ Ռիչարդ Քանի դեմ՝ նրանց մեղադրելով ֆինանսիստի կողմից սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի գործունեությունը թաքցնելու մեջ, հայտնում է Associated Press-ը։
Դատախազությունը միաժամանակ պահանջում է արգելել նրանց որևէ վճարում ստանալ Էփշտեյնի ժառանգությունից։
Տորեսի պնդմամբ՝ Ինդայքն ու Քանը գիտեին աղջիկների և երիտասարդ կանանց նկատմամբ սեռական բռնության մասին Սանտա Ֆեից ոչ հեռու գտնվող, Էփշտեյնին պատկանող «Զորրո» ռանչոյում։ Ինդայքը շուրջ 20 տարի աշխատել է որպես նրա փաստաբան։ Երկու տղամարդիկ էլ նախկինում ցուցմունք են տվել ԱՄՆ Կոնգրեսում՝ հայտարարելով, թե չգիտեին ֆինանսիստի հանցագործությունների մասին։
Էփշտեյնի նախկին ընկերուհին և հանցակից Գիսլեյն Մաքսվելը 2021 թվականին մարդկանց թրաֆիքինգի՝ սեռական շահագործման նպատակով մեղադրանքով դատապարտվելուց հետո կրում է 20 տարվա ազատազրկում։
Նրա դատավարության ընթացքում վկաները հայտարարել են, որ Էփշտեյնն ու Մաքսվելը Նյու Մեքսիկոյի ռանչոյում սեռական բռնություն են գործադրել կանանց նկատմամբ։





























