SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը սպառնացել է պարզել, թե ովքեր են կանգնած իր հասցեին հնչող քննադատության հետևում՝ այն պայմաններում, երբ ամերիկացի սենատորները կոչ են անում հետաքննել Ուկրաինայում Starlink արբանյակային կապի և Starshield համակարգի աշխատանքի խափանումները։
«Ով սրով գա մեզ վրա, սրով էլ կկորչի։ Նրանք, ովքեր ինձ հետ վեճ են սկսում, պետք է հասկանան, որ ես կպարզեմ, թե իրականում ով է քաշում թելերը, և կգամ նրանց հետևից, ոչ թե նրանց խամաճիկների»,- X սոցցանցում գրել է Մասկը։
Այսպես է Մասկն արձագանքել դեմոկրատ սենատոր Ջին Շահինի և երկու կուսակցություններից ևս ութ օրենսդիրների կոչին՝ հետաքննել Ուկրաինայում Starlink-ի և Starshield-ի աշխատանքի խափանումները։
Սենատորները Պենտագոնի գլխավոր տեսուչից պահանջել են պարզել, թե ով է թույլատրել սահմանափակումները, և արդյոք խափանումների պատճառով Ուկրաինայում գտնվող ամերիկացի զինվորականներն ու դիվանագետները վտանգի են ենթարկվել։





























