ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ռուս, ուկրաինացի և եվրոպացի ներկայացուցիչների հետ պատերազմը դադարեցնելուն միտված բանակցությունները կառուցողական բնույթ են կրել։ Ըստ նրա՝ հաջորդ փուլը լինելու են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեխնիկական մակարդակով եռակողմ բանակցությունները։

«Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում մենք Ջարեդ Քուշների հետ հանդիպել ենք ռուս, ուկրաինացի և եվրոպացի առաջնորդների հետ՝ առաջ մղելու նախագահ Թրամփի ջանքերը պատերազմը դադարեցնելու ուղղությամբ»,- X սոցիալական ցանցումգրել է Ուիթքոֆը։

Նա հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը քննարկել են խաղաղ կարգավորման շրջանակային ծրագիրը և հետագա քայլերը՝ հիմնվելով Օսլոյում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի վրա։ Ուիթքոֆը նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդին ազատ արձակելու համար, որը կկարողանա վերադառնալ իր ընտանիքի մոտ։

«Թեև առջևում դեռ շատ կարևոր աշխատանք կա, նախագահ Թրամփը շարունակում է հավատարիմ մնալ այս պատերազմի դադարեցմանը և համապարփակ ու տևական խաղաղության հասնելուն, որը կապահովի ապագա սերունդների անվտանգությունն ու բարգավաճումը»,- ընդգծել է հատուկ ներկայացուցիչը։