ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի դատարանը Meta ընկերությանը, որը տիրապետում է Facebook, Instagram և WhatsApp հարթակներին, պարտավորեցրել է ռեկորդային 25 միլիարդ դոլարի տուգանք վճարել՝ Facebook-ի օգտատերերի տվյալների օգտագործման և փոխանցման վերաբերյալ հանրությանը մոլորեցնելու համար, հայտնում է Reuters-ը։
Դատավոր Ֆրենսիս Մեթյուն այդ որոշումն ընդունել է երկշաբաթյա դատական քննությունից հետո։
Դատավորի գնահատմամբ՝ Meta-ն ավելի քան 11 տարի՝ 2010-2021 թվականներին, գիտակցաբար մոլորեցրել է օգտատերերին այն հարցում, թե ինչպես են մշակվել և փոխանցվել նրանց տվյալները։ Որոշման մեջ նշվում է, որ ընկերության ղեկավարների, նրանց թվում՝ Մարկ Ցուկերբերգի նամակագրությունը ճշմարտությունը թաքցնել հանրությունից նպատակ ուներ։ Դատավորն ընդգծել է, որ խախտումները վերաբերում էին ոչ միայն Facebook-ի գաղտնիության քաղաքականությանը, այլև ընկերության բիզնես վարելու հիմնարար սկզբունքներին։
Տուգանքի չափը, որը հաշվարկվել էր նահանգի օրենսդրության հազարավոր խախտումների հիման վրա, սկզբում կազմել էր 219 միլիարդ դոլար, սակայն դատավորն այն նվազեցրել է, հասցնելով մինչև 25 միլիարդ դոլարի։ Meta-ն առայժմ չի մեկնաբանել դատարանի որոշումը։
Հայցը կապված է Cambridge Analytica ընկերության շուրջ սկանդալի հետ, որը Facebook-ի օգտատերերի տվյալներն օգտագործել էր քաղաքական խորհրդատվության մեջ, դրանց թվում՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ կապված աշխատանքներում, որոնցում առաջին անգամ հաղթեց Դոնալդ Թրամփը։
Նյու Մեքսիկոն միաժամանակ պահանջում էր պատժամիջոցներ կիրառել Meta-ի նկատմամբ՝ սոցիալական ցանցերում երեխաների անվտանգության պատճառով։ Ավելի վաղ այս տարի ընկերությունը բախվել էր այլ խոշոր դատական գործընթացների, դրանց թվում՝ Կալիֆոռնիայում ներկայացված հայցով 18 միլիարդ դոլարի համաձայնագրի, որը կապված էր երեխաների պաշտպանության հետ։
Reuters և Associated Press գործակալությունների տվյալներով՝ տուգանքը դարձել է նահանգի սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքի ավելի քան 43 միլիոն խախտումների արդյունք։ Meta-ն մտադիր է բողոքարկել որոշումը՝ հայտարարելով, որ իշխանությունները չեն ապացուցել անհատական վնասի պատճառումը, իսկ գանձման չափը չափազանցված է։ Նախատեսվում է, որ այդ գումարները կուղղվեն Նյու Մեքսիկոյի պետական կրթական համակարգի ֆինանսավորմանը։




























