Երեք ընկերությունների հետազոտողները արհեստական բանականության օգնությամբ հայտնաբերել և օգնել են վերացնել PHP2Shell-ի կրիտիկական խոցելիությունները, որոնք, CNN-ի հաղորդմամբ, կարող են ազդել ինտերնետի մինչև 70%-ի աշխատանքի վրա։
Ծրագրային ապահովման սխալները կարող էին չարագործներին հնարավորություն տալ հեռավար կերպով գրել ծածկագիր, խափանել ծառայությունների աշխատանքը և հասանելիություն ստանալ գաղտնի տվյալներին, դրանց թվում՝ գաղտնաբառերին։
Խոցելիությունները հայտնաբերել են OpenAI-ի, կիբեռանվտանգության ոլորտում Google-ին պատկանող Wiz ընկերության և Calif ընկերության մասնագետները։ Ըստ նրանց՝ արհեստական բանականությունը հնարավորություն է տվել մի քանի ժամում բարդ հետազոտություն կատարել, մինչդեռ նախկինում նման աշխատանքը կարող էր բարձրակարգ մասնագետներից կազմված թիմի ամիսների ջանք պահանջել։
Wiz-ի հետազոտողներն օգտագործել են Google-ի Gemini 4 Argon և OpenAI-ի GPT-5.6 Sol մոդելները, ինչպես նաև Wiz Atlas գործիքը։ Խոցելիությունները հայտնաբերվել են օգոստոսի վերջին, սակայն տեղեկությունները հրապարակվել են միայն չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, երբ PHP ծրագրավորման լեզվի մշակողները պատրաստել են շտկումը։
PHP Foundation-ը՝ PHP-ի զարգացման համար պատասխանատու կազմակերպությունը, թողարկել է թարմացում և կայքերի ադմինիստրատորներին կոչ է արել հնարավորինս շուտ տեղադրել այն։ Խնդրի վերացմանը մասնակցել է նաև Cloudflare ընկերությունը, որը ինտերնետի ենթակառուցվածքային ծառայություններ է տրամադրում։
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը PHP օգտագործող կազմակերպություններին կոչ է արել թարմացնել համակարգերը, իսկ եթե դա անհնար է՝ ժամանակավորապես անջատել դրանք։ Reuters-ի տվյալներով՝ թարմացումների տեղադրմանը նախապատրաստվելու ֆոնին Եվրոպայում որոշ պետական կայքեր ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։
Wiz-ի մասնագետները PHP2Shell-ը համեմատել են 2014 թվականին հայտնաբերված Heartbleed խոցելիության հետ․ այն թույլ էր տալիս հասանելիություն ստանալ տվյալներին, որոնք պետք է պաշտպանված մնային։ Հետազոտողների կարծիքով՝ նոր դեպքը կարող է շրջադարձային պահ դառնալ կիբեռանվտանգության ոլորտում, քանի որ ԱԲ-ն հեշտացրել է այնպիսի սխալների որոնումն ու գործնական շահագործումը, որոնք գոյություն են ունեցել տարիներ շարունակ։




























