ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտի վերաբերյալ համաձայնագիրը, հնարավոր է, այժմ առավել մոտ է, քան երկար ժամանակվա ընթացքում երբևէ։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Մոսկվայի հետ, և այս փուլում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը կարող էր խոչընդոտել պայմանավորվածությունների ձեռքբերմանը։

«Մենք այժմ Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հարցով։ Հնարավոր է՝ երկար ժամանակ անց առաջին անգամ մենք մոտ ենք համաձայնության։ Երբ դուք մոտ եք գործարքի և շատ նուրբ բանակցություններ եք վարում, պատժամիջոցներ չեն սահմանում»,- լրագրողներին հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ Թրամփը պարզաբանել էր, որ առայժմ Ռուսաստանի դեմ լրացուցիչ սահմանափակումներ չկիրառելու որոշումը պայմանավորված է նրանով, որ չի ցանկանում Մոսկվային բանակցային գործընթացից հեռացնել։

Նա պնդել էր, որ բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակման հարցում։

Հայտարարությունը հնչել է դիվանագիտական շփումների ակտիվացման ֆոնին։ Հոկտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է վերսկսել ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունները, որոնք կարող են մեկնարկել նոյեմբերին։ Սանկտ Պետերբուրգում Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև կարգավորման վերաբերյալ ամերիկյան թարմացված առաջարկը։ Միևնույն ժամանակ կողմերի միջև հիմնական տարաձայնությունները պահպանվում են։