ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում Starlink արբանյակային կապի աշխատանքի սահմանափակման վերաբերյալ հրահանգներ չի տվել և չգիտի, թե ով է նման որոշում ընդունել։ Նա նաև չի հաստատել, որ սահմանափակումները կիրառել է SpaceX-ի սեփականատեր Իլոն Մասկը։
«Ո՞վ է կարգադրել սահմանափակել Starlink-ը Ուկրաինայում»,- հարցրել է լրագրողը Թրամփին։
«Ես դրան առնչություն չեմ ունեցել»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Հստակեցնող հարցին՝ արդյոք դա կարո՞ղ էր անել Մասկը, Թրամփը հայտարարել է. «Չգիտեմ, թե ով է դա արել, բայց ես դրան առնչություն չեմ ունեցել»։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Մասկը կարգադրել է նվազեցնել արբանյակային կապի ռազմական տարբերակի արագությունը, որն օգտագործում են ուկրաինացի զինվորականները։
Պարբերականի տվյալներով՝ սահմանափակումները դժվարացրել են մարտական առաջադրանքների իրականացումը՝ անօդաչու սարքերի կիրառմամբ։ Reuters-ը, հղում անելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին, ավելի վաղ հաղորդել էր, որ համակարգի հասանելիության սահմանափակման վերաբերյալ կարգադրությունը եկել է Սպիտակ տնից։ Այդ վարկածները կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել։





























