ՆԱՏՕ-ն Ուկրաինային թույլ կտա զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա գնել իր գնումների կենտրոնացված գործակալության միջոցով։ Ինչպես հաղորդում է Financial Times-ը, սա թույլ կտա Կիևին պաշտպանական միջոցներ ձեռք բերել ավելի արագ ու շահավետ պայմաններով։
Ուկրաինան սկսում է համագործակցել ՆԱՏՕ-ի ապահովման և գնումների գործակալության (NSPA) հետ։ Քայլը ոչ միայն կմերձեցնի երկրի ռազմարդյունաբերությունը արևմտյան դաշնակիցների հետ, այլև կստեղծի մատակարարման նոր օղակ՝ վերջ դնելով բացառապես երկկողմ բանակցություններից կախվածությանը։
«Ուկրաինան հնարավորություն է ստանում օգտվելու հստակ գործող համակարգից և մեր ընձեռած բոլոր առավելություններից՝ սկսած գնումների ոլորտի փորձագիտական աջակցությունից մինչև սպասարկում և ելք դեպի կայացած արդյունաբերական ցանց», – FT-ի հետ զրույցում նշել է NSPA-ի գործառնական աջակցության տնօրեն Ժակլին Բորսբումը։
Որոշումը կայացվել է ԱՄՆ-Ուկրաինա հարաբերությունների աննախադեպ վատթարացման ֆոնին։ Միացյալ Նահանգների նախագահը քննադատել է ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ Ուկրաինայի հասցրած հարվածները։ Բացի այդ, Ռուսաստանի հետ հարաբերությունները ջերմացնելու շրջանակում ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը չորեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, ինչը լուրջ անհանգստություն է պատճառել Կիևի դաշնակիցներին։
«Այստեղ կաշխատի ծավալի գործոնը. մեծ խմբաքանակների դեպքում գինն ավելի շահավետ է դառնում։ Օրինակ՝ Ուկրաինան կարող է ասել. «Մեզ 30 հազար լրակազմ համազգեստ է պետք, պատվիրեք դրանք մեզ համար»», – պարզաբանել է Բորսբումը։
Անցած շաբաթ NSPA-ն Կիևում կազմակերպել էր ոլորտային համաժողով, որին մասնակցել է մոտ 150 ուկրաինական ընկերություն։ Գործակալության ներկայացուցիչները տեղի արտադրողներին բացատրել են, թե ինչպես գրանցվել որպես պաշտոնական մատակարար և մասնակցել մրցույթներին։





























