Հայաստանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովին Երևանի կոնյակի գործարանը մասնակցում է տարբեր ձևաչափերով։ COP17-ի ողջ ընթացքում գագաթնաժողովի կանաչ գոտում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործում է Երևանի կոնյակի գործարանի տաղավարը։ Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ պանելային քննարկում, որտեղ Երևանի կոնյակի գործարանի մասնագետները ներկայացրին Pernod Ricard ընկերության Կայունության և պատասխանատվության «Good Times from the Good Place» հայեցակարգի կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրերը։ Այսպես, հատուկ անդրադարձ կատարվեց ջրի փակ շրջանառության համակարգերի, վերականգնողական խաղողագործության և արտադրական թափոնների (երկրորդային հումքի) վերօգտագործման հաջողված նախագծերին։

Երևանի կոնյակի գործարանի Որակի, Անվտանգության և Շրջակա միջավայրի հարցերի գծով ղեկավար Շուշան Խաչատրյանը ներկայացրեց ջրի փակ շրջանառության համակարգը, որը ընկերության ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված կարևորագույն նախաձեռնություններից է։ Այգավանի և Արմավիրի մասնաճյուղերի թորման արտադրամասերում ներդրված համակարգի շնորհիվ, արտադրական գործընթացում տաքացած ջուրն օգտագործվում է շենքերի և աշխատանքային տարածքների ջեռուցման համար, այնուհետև անցնում է հատուկ մաքրման գործընթաց և կրկին վերադարձվում արտադրական ցիկլ։ Այս մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել թարմ ջրի օգտագործման անհրաժեշտությունը, խնայել էներգիա և կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Համակարգի ներդրման շնորհիվ գործարանին հաջողվել է ջրի սպառումը նվազեցնել 70%-ով, իսկ CO₂ արտանետումները՝ տարեկան 40 տոննայով։ Ծրագրի իրականացման համար կատարված ներդրումները գերազանցել են 2 միլիոն եվրոն՝ արտացոլելով ընկերության երկարաժամկետ հանձնառությունը բնական ռեսուրսների պահպանման և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու գործունեության սկզբունքները։

Իր հերթին Երևանի կոնյակի գործարանի խաղողի գնումների բաժնի նախագծերի պատասխանատու Սիրուն Հայրապետյանը խոսեց Վերականգնողական խաղողագործության ծրագրի մասին։ Ծրագրի նպատակն է վերականգնել հողի առողջությունը, բարձրացնել խաղողի այգիների դիմադրողականությունը և խթանել կենսաբազմազանությունը։ 2024 թվականից միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ իրականացվող երկարաժամկետ ծրագիրը ներառում է փորձարարական այգիներում հետազոտություններ, մասնագիտական վերապատրաստումներ և հողի ու բույսերի վիճակի մշտադիտարկում։ Հողի բերրիության և խոնավության պահպանման, ցանքածածկ մշակաբույսերի կիրառման և ավանդական թունաքիմիկատներից կախվածության նվազեցման հնարավորությունների ուսումնասիրման միջոցով, գործարանը ձգտում է ձևավորել Հայաստանի պայմաններին հարմարեցված, գիտահեն և բնության վերականգնմանն ուղղված խաղողագործական մոտեցում։

Պանելային քննարկման մասնակիցներն անդրադարձ կատարեցին նաև արտադրական թափոնների կառավարմանը և ներկայացրին շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառման հաջողված օրինակը՝ գինենյութի թորման արդյունքում առաջացող հեղուկ մնացորդի՝ բարդայի օգտագործումը աղակալած և կիսաանապատային հողերի վերականգնման նպատակով։