Մենք մարտահրավերներ ունենք, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերությունների առումով, որոնց ուղղությամբ աշխատանքներ ենք տանելու։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր քաղաքականության հիմնական նպատակն է լինելու տնտեսական ակտիվության ապահովումը, ինչպես նաև ինքնիշխանության, անկախության ու պետականության ամրապնդումը։ Սրանք փոխկապակցված են և բխում են մեկը մյուսից։
Շոշափելի արդյունքներ ունենք տնտեսական կապերի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Առկա ցուցանիշները հույս են ներշնչում, որ այդ կապերն է՛լ ավելի կխորանան, և մենք պետք է կենտրոնանանք հենց այդ ուղղության վրա»,- ընդգծել է նա։
Վարչապետի խոսքով՝ գնաճային միտումները համաշխարհային գործընթացների հետևանք են։ «Այդուհանդերձ, մենք չպետք է շեղվենք «բարեկեցություն՝ աշխատանքի միջոցով» ռազմավարությունից։ Դժվարություններ, իհարկե, կլինեն, բայց մենք պետք է կառավարենք դրանք, ինչպես արել ենք նախկինում»,- եզրափակել է Փաշինյանը։





























